Հայաստանը 64 խոշորացված համայնք կունենա․ ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց կառավարության նախագիծը
18:55 - 09 հունիսի, 2022

Հայաստանը 64 խոշորացված համայնք կունենա․ ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց կառավարության նախագիծը

Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստի ընթացքում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» և կից օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու նախագիծը։ 

Նախագծի հիմնական զեկուցող, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նախագծի քննարկման ընթացքում տեղեկացրեց, որ 2016 թվականին սկսված համայնքների միավորման, խոշորացման գործընթացի արդյունքում, մինչև այսօր Հայաստանի 908 բնակավայր միավորվել ու խոշորացվել է 72 համայնքի մեջ:

Սանոսյանը նշեց՝ նախագծով առաջարկում են այս պահին գործող 13 խոշորացված համայնքները միավորել 5 համայնքների մեջ: Այդ համայնքներն են Արագածոտնի մարզում միավորել Թալին և Արագածավան խոշորացված համայնքները: Նրանք միասին կընդգրկեն 34 բնակավայր: Գեղարքունիքի մարզում կմիավորվեն ճամբարակն ու Շողակաթը՝ ընդգրկելով 19 բնակավայր: Լոռու մարզում նախատեսվում է ունենալ Ալավերդի խոշորացված համայնք, որը կընդգրկի Օձունը, Շնողը, Ախթալան և Ալավերդին՝ 28 բնակավայր միասին: Լոռու մարզում կմիավորվեն Տաշիրը, Մեծավանը, Սարչապետը՝ միասին 24 բնակավայր: Սյունիքի մարզում նախատեսվում է միավորել Սիսիան և Գորայք խոշորացված համայնքները՝ թվով 36 բնակավայր:

«Այսպիսով, այս 13 համայնքները, որոնք միասին 141 բնակավայր են, առաջարկում ենք միավորել 5 համայնքների մեջ: Արդյունքում Հայաստանում կունենանք 64 խոշորացված համայնքներ»,-ասաց նախարարը:

Նա նշեց՝ Հայաստանում այժմ գոյություն ունեցող 79 համայքների թիվը կկրճատվի և կլինեն  71 համայնքներ։ 

Սանոսյանն ասաց՝ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի նախագծով առաջարկում ենն վերոնշյալ համայնքներում նշանակել համայնքի ավագանու ընտրություն , եղած ՏԻՄ-երի լիազորությունները դադարեցնել և դրանց ժամկետի սստանձնման հետ կապված որոշակի իրավական կարգավորումներ սահմանել։

Նախագիծն ընդունվեց 55 կողմ, 0 դեմ ձայներով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել