Ռուսաստանի և Իրանի նախագահները քննարկել են միջուկային գործարքը
18:27 - 08 հունիսի, 2022

Ռուսաստանի և Իրանի նախագահները քննարկել են միջուկային գործարքը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին հեռախոսազրույց են ունեցել։ Կողմերը քննարկել են Իրանի միջուկային գործարքի շուրջ «վերջնական պայմանավորվածության» գալու հարցերը, հայտնում է «Կոմերսանտը»։

«Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի քննարկման ընթացքում նշվել է դիվանագիտական ջանքերի շարունակման անհրաժեշտությունը՝ վերջնական պայմանավորվածության գալու նպատակով, որը թույլ կտար ապահովել Գործողությունների համատեղ համապարփակ պլանի և ՄԱԿ Անվտանգության խորհրդի 2015 թ-ի հուլիսի 20-ի՝ այդ պլանը հաստատած 2231 բանաձևի պահպանումն ու լիակատար իրականացումը», - ասված է Կրեմլի հաղորդագրությունում։

Գործողությունների համատեղ համապարփակ պլանը փաստաթուղթ է, որը ստորագրվել է 2015 թ-ին Իրանի և վեց միջնորդների (ԱՄՆ, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Չինաստան, ՌԴ և Գերանիան) միջև։ Իրանը «սառեցրել է» միջուկային ծրագիրը՝ պատժամիջոցների չեղարկման դիմաց։ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը 2018 թ-ին հայտարարել է միջուկային գործարքից դուրս գալու մասին, Իրանը 2019 թ-ին դադարել է կատարել պլանի մի շարք կետերը։

Երկու երկրների նախագահների զրույցի ընթացքում «բարձր գնահատական է տրվել ռուս-իրանական հարաբերությունների առկա մակարդակին»։ Կողմերը մտադիր են ամրապնդել երկկողմ հարաբերությունները՝ ներառյալ առևտրատնտեսական նախագծերի իրականացումը։

 

Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել