Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Եվրախորհրդարանի ընդունած զեկույցը, որում նաև Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչ է արվում |factor.am|
13:25 - 08 հունիսի, 2022

Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Եվրախորհրդարանի ընդունած զեկույցը, որում նաև Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչ է արվում |factor.am|

factor.am: Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է նախօրեին Եվրախորհրդարանի ընդունած Թուրքիայի վերաբերյալ 2021 թվականի զեկույցը, գրում է «Անադոլու» գործակալությունը։ ԱԳՆ-ի հայտարարության մեջ նշվում է, որ զեկույցը հիմնված է «մակերեսային ու անհեռատես մոտեցման վրա»։

«Թուրքիան չի ընդունում և մերժում է  մակերեսային և անհեռատես մոտեցման վրա հիմնված Եվրախորհրդարանի զեկույցում պարունակվող կողմնակալ և անիրատեսական գնահատականները, որոնք անտեսում են մեր երկրի և ԵՄ-ի միջև հարաբերությունների ամրապնդման ակնհայտ անհրաժեշտությունը»,- ասվում է հայտարարության մեջ։

Նաև նշվում է, որ Թուրքիայի հիմնական ակնկալիքը Եվրախորհրդարանից նրանում չէ, որ այն դառնա «նեղմիտ» շրջանակների օրակարգային գործիք, այլ նրանում, որ այդ կառույցը դրսևորի դիրքորոշում, որը կխթանի դրական վերաբերմունք ԵՄ կառույցների նկատմամբ՝ Թուրքիայի՝ միությանն անդամակցելու բանակցությունները վերակենդանացնելու նպատակով։

«Այդպիսով, Եվրախորհրդարանը թուրք հասարակության աչքում կորցրել է իր վստահությունն ու հեղինակությունը։ Այդ պատճատով զեկույցում տեղ գտած անհիմն հայացքները, որոնք արտացոլում են մեր երկրի նկատմամբ ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների վերաբերյալ պնդումները, ինչպես նաև ԵՄ մեկ կամ երկու անդամների անհեռատես ջանքերը Էգեյան ծովի, Արևելյան Միջերկրականի և Կիպրոսի վերաբերյալ, մեզ համար որևէ նշանակություն չունեն»,- ասվում է հայտարարության մեջ։

Թուրքիան ակնկալում է, որ ԵՄ բոլոր ինստիտուտները կկատարեն իենց պարտավորությունները Անկարայի նկատմամբ։ ԱԳՆ-ն նշում է, որ առաջին հերթին խոսքը Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցության գործընթացի ակտիվացման, վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսության արագացման, Մաքսային միության թարմացման շուրջ բանակցություններ սկսելու, ահաբեկչության դեմ պայքարում համագործակցության ընդլայնման մասին է։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել