Խոշորացման գործընթացում գյուղապետարաններում կրճատումներից հետո հետագայում լինելու է նոր հաստիքներով համալրում. Ղալումյան |armenpress.am|
11:47 - 08 հունիսի, 2022

Խոշորացման գործընթացում գյուղապետարաններում կրճատումներից հետո հետագայում լինելու է նոր հաստիքներով համալրում. Ղալումյան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի ՔՊ խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանը վստահեցնում է, որ համայնքների խոշորացման գործընթացում սկզբնական շրջանում գյուղապետարանների աշխատակազմերի կրճատմանը հետագայում հաջորդելու է նոր հաստիքներով համալրում: 

ՔՊ խմբակցության պատգամավոր, ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ղալումյանն այս մասին ասաց հանձնաժողովի կազմակերպած խորհրդարանական լսումներում՝ «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ:

2015-ից մինչև օրս Վարչատարածքային բաժանման մասին օրենքի փոփոխությունների արդյունքում իրականացվել է համայնքների միավորման 5 փուլ, որի արդյունքում Հայաստանի 908 համայնքներ միավորվել են՝ դառնալով 72 խոշորացված համայնք: 2021-ին իրականացվել է ամենածավալուն գործընթացը, 441 համայնք միավորվել է՝ստեղծելով 36 նոր վարչատարածքային միավոր:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, մարզպետարանների կողմից համայնքների միավորման գործընթացն ուսումնասիրելուց հետո կառավարությունը շրջանառության մեջ է դրել «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

«Մենք գտնում ենք, որ խոշորացման գործընթացը կարևոր դեր է խաղում համայնքների զարգացման գործում: Նույնիսկ ամենափոքր համայնքի պոտենցիալը էական նշանակություն է ունենում՝ ստեղծված «նոր ընտանիքի» բոլոր բնակավայրերի զարգացման գործում: Ֆինանսական հնարավորությունների համախմբման շնորհիվ պետության հետ համատեղ ընթացող սուբվենցիոն ծրագրերի ծավալներն աննախադեպ են, որոնք միավորված համայնքների ղեկավարների և ավագանու անդամների հավաստմամբ շատ դեպքերում իրենց նախատեսածից արագ են լուծում համայնքային նշանակության հարցերը»,-ասաց հանձնաժողովի նախագահ  Վահե Ղալումյանը:

Ըստ նրա՝ արդեն խոշորացված համայնքների բնակչությունը ժամանակի ընթացքում պրոցեսի դրական արդյունքները վեր է դասում փոքր տեղային հարցերից: «Սկզբնական շրջանում գյուղապետարանների աշխատակազմերի կրճատումը հետագայում համալրվելու է նոր հաստիքներով, որոնք մեծացնելու են համայնքների պոտենցիալը, որին, համոզված եմ՝ ըմբռնումով են մոտենում մեր համաքաղաքացիները»,-ասաց պատգամավորը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել