Առանց Ղարաբաղի հայերի կարծիքը հաշվի առնելու հնարավոր չէ հասնել կարգավորման. Տոյվո Կլաար  |azatutyun.am|
17:01 - 06 հունիսի, 2022

Առանց Ղարաբաղի հայերի կարծիքը հաշվի առնելու հնարավոր չէ հասնել կարգավորման. Տոյվո Կլաար |azatutyun.am|

azatutyun.am: «Առանց Ղարաբաղի հայերի կարծիքը հաշվի առնելու հնարավոր չէ հասնել կարգավորման», - «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի մասնակցությունն է նկատի ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելը, երբ բրյուսելայն եռակողմ հանդիպումից հետո հայտարարեց, թե տևական և արդար խաղաղության համար պետք է քննարկում լինի հիմնական բոլոր հարցերի շուրջ՝ շահագրգիռ բոլոր կողմերի մասնակցությամբ։

«Կարծում եմ, ի վերջո, Ղարաբաղի հայերը, իհարկե, մի կողմ են, որոնք պետք է լինեն լուծման մաս՝ ինչ ձևով էլ դա տեղի ունենա… Եւ շատ պարզ է, որ Ղարաբաղում ապրող մարդիկ հիմնարար շահագրգռվածություն ունեն համապարփակ կարգավորման հասնելու հարցում: Եվ անձամբ ես չեմ տեսնում, թե ինչպես կարող ենք հասնել նման կարգավորման՝ առանց այդ մարդկանց կարծիքն ու տեսակետը հաշվի առնելու», - նշեց նա։

Այդուհանդերձ, Շարլ Միշելը Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո խոսեց միայն Ղարաբաղի էթնիկ հայերի իրավունքների մասին՝ որևէ բան չնշելով ապագա կարգավիճակի վերաբերյալ, ինչը մտահոգություն առաջացրեց Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում. - «Կարծում եմ, ի վերջո հարցն այն է, որ սա պետք է լինի համապարփակ կարգավորում։ Եվ մենք բոլորս գիտենք, թե ինչպես սկսվեց հակամարտությունը, և այն պետք է վերջնականապես փակվի։ Նախագահ Միշելն իր հայտարարության մեջ էլի շատ բան չի նշել։ Սա հայտարարություն չէր, որն ընդգրկում էր բոլոր այն խնդիրները, որոնք պետք է լուծվեն: Բայց փաստն այն է, որ մենք միշտ ընդգծել ենք, որ հակամարտության համապարփակ կարգավորումն անհրաժեշտ է, և մենք հենց դրա ուղղությամբ ենք աշխատում»։

Երկու մայրաքաղաքներից էլ Տոյվո Կլաարը ընդհանուր առմամբ դրական ուղերձներ է ստանում։

Լեռնային Ղարաբաղի անորոշ կարգավիճակի վերաբերյալ Տոյվո Կլաարն ասում է՝ հիմա ամենակարևորն է փորձել առաջ մղել գործընթացը՝ արձագանքելով դիտարկմանը թե մինչ Երևանը խոսում է Մինսկի խմբի մասին, Բաքուն պնդում է, որ Ղարաբաղի հարցը փակված է, եռանախագահությունն էլ կարող է լուծարվել. - «Եվրամիությունը չի պնդում, թե ունի որևէ բանի հեղինակային իրավունք: Մենք շահագրգռված են առաջընթաց տեսնելու ու դրան աջակցելու մեջ, և դա, կարծում եմ, այն է, ինչին նախագահ Միշելը կարողացավ հասնել առաջնորդների հետ իր երեք հանդիպումների, ինչպես նաև նախագահներ Մակրոնի, Ալիևի և վարչապետ Փաշինյանի հետ իր հանդիպման միջոցով։ Եվ դա այն է, ինչ մենք ուզում ենք անել», - ասում է դիվանագետը՝ հիշեցնելով, որ կան նաև այլ ձևաչափեր, մասնավորապես մոսկովյան եռակողմ հանդիպումները առաջնորդների մակարդակով, ապաշրջափակման հարցով՝ փոխվարչապետերի հանձնաժողովն է վերսկսել նիստերը. - «Դա հոյակապ է, շատ լավ է, եթե այն մեզ առաջ տանի ճիշտ ուղղությամբ: Այսպիսով, Եվրամիության միակ ու միակ շահն է օգնել գործընթացին ու օգնել հասնելու կայուն և համապարփակ կարգավորման»:

Առավել մանրամասն՝ azatutyun.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել