Արարատ Միրզոյանը պարզաբանեց՝ ինչու է չեղարկվել Բայրամովի հետ ստոկհոլմյան հանդիպումը |armenpress.am|
14:20 - 06 հունիսի, 2022

Արարատ Միրզոյանը պարզաբանեց՝ ինչու է չեղարկվել Բայրամովի հետ ստոկհոլմյան հանդիպումը |armenpress.am|

armenpress.am: Ստոկհոլմում դեռ նախորդ տարի ԵԱՀԿ ամենամյա նախարարական խորհրդաժողովի ընթացքում ԵԱՀԿ մասնակից պետությունների մեծամասնության, ինչպես նաև մի շարք միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան ներկայացուցիչների կողմից հստակ ընդգծվել է ԼՂ հակամարտությունը ԵԱՀԿ Մինսկ խմբի համանախագահության ձևաչափում բանակցությունների միջոցով կարգավորելու անհրաժեշտությունը: Այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ 2021 թ. պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկման ընթացքում՝ ներկայացնելով ԱԳՆ 2021 թվականի գործունեությունը:

Մինչև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով երկրորդ փարիզյան հանդիպումը, ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարները միմյանց հանդիպել են նաև հոկտեմբերին Մինսկում՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի միջնորդությամբ: Մյուս հանդիպումը՝ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով նախատեսված է եղել անցկացնել դեկտեմբերի 1-3-ը Ստոկհոլմում՝ ԵԱՀԿ ամենամյա նախարարական վեհաժողովի  շրջանակներում, սակայն ադրբեջանական կողմը հանդիպումից մի քանի ժամ առաջ չեղարկել է այդ հնգակողմ հանդիպումը:

«Նախքան հնգակողմ հանդիպումը, առանձին հանդիպումների ընթացքում համանախագահները կողմերին էին ներկայացրել հստակ բանակցային օրակարգ: Հատկանշական է, որ դրանից օրեր առաջ Վիեննայում տեղի ունեցած ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստում համանախագահները կրկին հստակորեն արձանագրել էին իրենց մանդատը: Եվ այս գործոններն էլ՝ համանախագահության ձևաչափի և մանդատի շուրջ ունեցած Ադրբեջանի ընդհանուր վերաբերմունքին զուգահեռ, մեր կարծիքով, դարձան ստոկհոլմյան հանդիպման չեղարկման հիմնական պատճառները: Այնուամենայնիվ, Ստոկհոլմում ԵԱՀԿ ամենամյա նախարարական խորհրդաժողովի ընթացքում ԵԱՀԿ մասնակից պետությունների մեծամասնության, ինչպես նաև մի շարք միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան ներկայացուցիչների կողմից հստակ ընդգծվել է ԼՂ հակամարտությունը ԵԱՀԿ Մինսկ խմբի համանախագահության ձևաչափում բանակցությունների միջոցով կարգավորելու անհրաժեշտությունը»,-ասաց ԱԳ նախարարը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել