Թուրքիայում գնաճը վերջին 24 տարում ամենաբարձր ցուցանիշն է գրանցել՝ 73,5%․ Reuters
18:34 - 05 հունիսի, 2022

Թուրքիայում գնաճը վերջին 24 տարում ամենաբարձր ցուցանիշն է գրանցել՝ 73,5%․ Reuters

Թուրքիայում մայիսին գրանցվել է տարեկան գնաճի ամենաբարձր մակարդակը 24 տարվա ընթացքում՝ 73,5%։ Դրան նպաստել է պատերազմն Ուկրաինայում, էներգակիրների գների աճն ու լիրայի փոխարժեքի անկումը, թեև այս ցուցանիշն ավելի ցածր է, քան կանխատեսում էին տնտեսագետները, գրում է Reuters-ը, որի հոդվածը կրճատումներով ներկայացնում ենք ընթերցողին․

«Գնաճի ցուցանիշն աճել է նախորդ աշնանից, երբ լիրան կտրուկ անկում է գրանցել այն բանից հետո, երբ երկրի կենտրոնական բանկը հայտարարել է 500 բազիսային կետով մեղմացման շրջափուլի մասին, որին ձգտում էր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Գնաճի ներկայիս ցուցանիշը գերազանցել է 2002 թ-ին գրանցված 73,2%-ը և դարձել ամենաբարձրը 1998 թ-ի հոկտեմբերից ի վեր, երբ տարեկան գնաճը կազմել էր 76,6%։ Այնուամենայնիվ, մասնագետները կանխատեսում էին տարեկան գնաճի մինչև 76,55% ցուցանիշ։

Սպառողական գներն ամսական կտրվածքով աճել են 2,98%-ով, այսօր հայտարարել է Թուրքիայի վիճակագրության ինստիտուտը։

Տրանսպորտի և սննդամթերքի գները վերջին մեկ տարում աճել են համապատասխանաբար 108% և 92%-ով՝ արտացոլելով խորացող տնտեսական ճգնաժամը։  Տեղի արտադրողների արտադրանքի իրացման ցուցիչը մայիսին աճել է 8,76%-ով, իսկ տարեկան կտրվածքով ավելացել 132,16%-ով։

Լիրայի փոխարժեքը նվազել է 0,25%-ով և մեկ դոլարի դիմաց կազմել 16,5050, սա ամենացածր ցուցանիշն է նախորդ տարվա դեկտեմբերից ի վեր։ Ազգային արժույթի փոխարժեքը 2021թ-ին 44% անկում էր գրանցել, այս տարի այն արժեզրկվել է ևս 20%-ով։

Չնայած որ Էրդողանի կառավարման երկու տասնամյակների ընթացքում տարեկան գնաճի ցուցանիշն ամենաբարձրն է, երկրի ֆինանսների նախարար Նուրեդդին Նեբաթին Թվիթերում գրել է, որ գնաճի ամսական ցուցանիշը նվազման միտում է գրանցում։

Ավելի վաղ Նեբաթին հայտարարել էր, որ մինչև մյուս տարի կայանալիք ընտրություններն գնաճը կկրճատվի մինչև միանիշ թիվ՝ մշակված տնտեսական ծրագրի շրջանակում։ Սակայն Թուրքիայի Կենտրոնական բանկն գնաճի միանիշ ցուցանիշ է կանխատեսում 2024 թ-ի վերջին։

Տնտեսագետների կանխատեսմամբ՝ գնաճի բարձր մակարդակը կպահպանվի մինչև 2022 թ-ի ավարտը, և տարեվերջին կկազմի 63%։

«Թուրքիան, որը հեռացել է տնտեսական դոկտրինի կանոններից, ի վիճակի չէ լուծելու բարձր գնաճի իր առանցքային խնդիրը ներկայիս քաղաքականության օգնությամբ», - ասել է տնտեսական վերլուծաբան Արդա Թունջան։

Թուրք ընդդիմադիր պատգամավորներն ու տնտեսագետները կասկածի տակ են դնում Թուրքիայի վիճակագրության ինստիտուտի տվյալները։ Հարցումները ցույց են տալիս, որ քաղաքացիների կարծիքով՝ գնաճի մակարդակը շատ ավելի բարձր է, քան պաշտոնապես ներկայացված ցուցանիշները։

«Վիճակագրության ինստիտուտի՝ կառավարությունից անկախ կառույցի ստեղծումը նույնքան կարևոր է, որքան կենտրոնական բանկի անկախությունը։ Ճշգրիտ և արժանահավատ տվյալների տրամադրումն առաջնային կարևորություն ունի ճիշտ քաղաքականության իրականացման համար», - ասել է մեկ այլ թուրք տնտեսագետ Մահֆի Էգիլմեզը»։



Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել