Մհեր Մարգարյանը ելույթ է ունեցել միջազգային իրավունքի կոպիտ խախտումների համար պատասխանատվության թեմայով ՄԱԿ Անվտանգության խորհրդի հանդիպմանը
14:38 - 03 հունիսի, 2022

Մհեր Մարգարյանը ելույթ է ունեցել միջազգային իրավունքի կոպիտ խախտումների համար պատասխանատվության թեմայով ՄԱԿ Անվտանգության խորհրդի հանդիպմանը

Միացյալ ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը ելույթ է ունեցել միջազգային իրավունքի կոպիտ խախտումների համար պատասխանատվության թեմայով ՄԱԿ Անվտանգության խորհրդի հանդիպմանը:

Ինչպես հայտնեցին ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունից, հունիսի 2-ին ՄԱԿ Անվտանգության խորհրդում՝ Միջազգային խաղաղության և անվտանգության պահպանությունը օրակարգի կետի ներքո Ալբանիայի վարչապետի նախագահությամբ, տեղի է ունեցել քննարկում՝ «Պատասխանատվության և արդարատության ամրապնդումը միջազգային իրավունքի կոպիտ խախտումների դեպքում» թեմայով։

Զեկույցներով հանդես են եկել Արդարադատության միջազգային դատարանի նախագահ Ջոան Դոնահյուն և Մարդու իրավունքների բարձր հանձնակատար Միշել Բաչելետը։

Հանդիպմանն իր ելույթում ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանն անդրադարձել է անցյալում տեղի ունեցած ոճիրների անպատժելիության հարցին՝ ցեղասպանությունների, մարդկության դեմ հանցագործությունների և պատերազմական հանցագործությունների կանխարգելման համատեքստում։

Նշվել է, որ Հայաստանը բազմիցս միջազգային հանրությանն ահազանգել է Ադրբեջանում տիրապետող հակահայկական ատելության խոսքի և ռասիստական հռետորաբանության վերաբերյալ, ինչը փաստագրված է նաև միջազգային կառույցների կողմից։ Անդրադառնալով 2020թ. աշնանը Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային և դրա հումանիտար հետևանքներին՝ դեսպան Մարգարյանը նշել է, որ Ադրբեջանը, խախտելով միջազգային հումանիտար իրավունքով սահմանված պարտավորությունները, շարունակում է գերեվարման մեջ պահել հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց։ Անդրադարձ է կատարվել նաև հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը պահպանելու և հակահայկական ատելությունը վերացնելու Ադրբեջանի պարտավորություններին։

ՀՀ մշտական ներկայացուցիչը նշել է, որ, որպես ՄԱԿ հիմնական մարմին Արդարադատության միջազգային դատարանը կենտրոնական դերակատարություն ունի արդարադատությունն ու պատասխանատվությունը երաշխավորելու և միջազգային իրավունքի նկատմամբ հավատն ամրապնդելու հարցում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել