Մեծ Բրիտանիայում նշում են թագուհու պաշտոնավարման «պլատինե» հոբելյանը
17:01 - 02 հունիսի, 2022

Մեծ Բրիտանիայում նշում են թագուհու պաշտոնավարման «պլատինե» հոբելյանը

Միլիոնավոր մարդիկ Մեծ Բրիտանիայում և ողջ աշխարհում այս ժամերին փողոց են դուրս գալիս՝ նշելու բրիտանական միապետության պատմության մեջ առաջին «պլատինե» հոբելյանը՝ Եղիսաբեթ Երկրորդ թագուհու պաշտոնավարման 70-ամյակը, գրում է BBC Russian-ը։

Տասնյակ մարդիկ գիշերել են վրաններում՝ Լոնդոնի Մելլ փողոցում, որը տանում է դեպի թագավորական պալատ, որպեսզի առաջինը լինեն իրադարձությունների էպիկենտրոնում։

«Ինձ շարունակում է ոգևորել իմ նկատմամբ դրսևորվող բարյացակամությունը, և հույս ունեմ, որ մոտակա օրերին մենք բոլորս կարող ենք ըստ արժանվույն գնահատել վերջին 70 տարիների ձեռքբերումները՝ միաժամանակ վստահությամբ և ոգևորությամբ հայացքն ուղղելով դեպի ապագան», - նախօրեին հայտարարել է թագուհին «պլատինե» հոբելյանի կապակցությամբ ժողովրդին հասցեագրված իր ուղերձում։

Տոնի առթիվ ողջ երկրի տարածքում երկար հանգստյան օրեր են հայտարարվել՝ սկսած հինգշաբթի օրվանից մինչև շաբաթվա վերջ, այդ ընթացքում տոնական միջոցառումներ կիրականացվեն։

Առաջին միջոցառումը դրոշի ավանդական դուրսբերումն է։ Ընդհանուր առմամբ, արարողությանը մասնակցում է շուրջ մեկ ու կես հազար զինվոր և սպա, ինչպես նաև 350 ձի։

Այնուհետև կկայանա ավիացիոն շոնու, որին կմասնակցի Թագավորական ռազմաօդային ուժերի շուրջ 70 ինքնաթիռ։

Հինգշաբթի երեկոյան երկրի ողջ տարածքում կվառվի մոտ 3 հազար ջահ։

Ուրբաթ օրը Լոնդոնի Սուրբ Պողոսի մայր տաճարում կկայանա ավանդական գոհունակության պատարագը։

Շաբաթ օրը Էփսոմում տեղի կունենա ավանդական ձիարշավը, նույն օրը երեկոյան Բուքինգհեմյան պալատի դիմաց կանցկացվի հոբելյանական համերգ։

Կիրակի ողջ երկրի տարածքում փողոցային տոնակատարություններ կանցկացվեն, արդեն պատվիրվել է 85 հազար տոնական հոբելյանական ընթրիք։

Տոնակատարությունները կավարտվեն Հոբելյանական շոուով, որը կանցկացվի Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի փողոցներում՝ 6 հազար կատարողների և մոտ 200 հայտնիների մասնակցությամբ։

 

Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել