Բանակցությունները պետք են նրա համար, որ արդյունքում գնան փոխզիջումների և գտնեն օպտիմալ տարբերակ. Հարությունյան |armenpress.am|
16:51 - 02 հունիսի, 2022

Բանակցությունները պետք են նրա համար, որ արդյունքում գնան փոխզիջումների և գտնեն օպտիմալ տարբերակ. Հարությունյան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը շեշտում է՝ բանակցությունները պետք են նրա համար, որ դրանց արդյունքում գնան փոխզիջումների և գտնեն օպտիմալ տարբերակ: Հարությունյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:

Նա նշեց՝ արտաքին քաղաքականությունում առանց նախապայմանների գնալը լավ գիծ է: «Սակայն, երբ տվյալ դեպքում հայկական կողմը, ադրբեջանական կողմը սեղանին դնում են իրենց պատկերացումները, դրանք ըստ էության յուրաքանչյուր կողմի նախապայմանն են, պահանջն են: Եվ բանակցությունները պետք են նրա համար, որ այդ բանակցությունների արդյունքում գնան զիջումների, փոխզիջումների և գտնեն օպտիմալ տարբերակ, քանի որ բանակցությունները փոխզիջումների համար են, ուրիշ տարբերակ չկա»,-ասաց Հարությունյանը:

Հարցին, թե ի՞նչ է պատրաստ զիջել հայկական կողմը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարը պատասխանեց. «Փոխզիջումները կախված են այն միջավայրից, այն բանակցությունների օրակարգից, որը կա: Դու կարող է գնալ բանակցությունների՝ մտքումդ ունենալով, որ կարող ես գնալ փոքր փոխզիջումների, բայց գնաս ու շատ բան զիջես այնտեղ, կամ կարող է գնաս մտքումդ այդ բանակցություններին մեծ փոխզիջումների պատրաստակամությամբ, բայց իրավիճակն այնպես ձևավորվի, որ դու փոքր փոխզիջումների արդյունքում ստանաս մեծ արդյունք»:

Բանակցությունների ընդհանուր շրջանակը, նրա խոսքով, ուրվագծված է: Հարությունյանը նաև վստահեցրեց, որ Արցախի իշխանություններն ամենաբարձր մակարդակով տեղեկացված են այն բոլոր գործընթացներից, որոնք կան:

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի խոսքով՝ անկլավների հարց չի քննարկվում, ինչի մասին ասել է վարչապետը: «Տարբեր կողմեր այդ օրակարգերը քաշում են: Բայց ասվել է, որ  նման հիմնավորումներ, ըստ էության, չկան»,-ասաց նա:

Անդրադառնալով հարցին, թե որո՞նք են հայկական կողմի առավելագույն և նվազագույն պահանջները՝ Հարությունյանը սխալ համարեց, որ մի կողմը մատնանշի իր առավելագույն պահանջները և ասի, որ դրանից այն կողմ չի կարող քննարկել: «Սակայն իհարկե դու ունես քո համար նվազագույն և առավելագույն շեմեր և այդ տրամաբանությամբ ես գնում այդ բանակցություններին»,-ասաց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել