ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարը՝ ավտոպարկի օպտիմալացման մասին |1lurer.am|
16:13 - 02 հունիսի, 2022

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարը՝ ավտոպարկի օպտիմալացման մասին |1lurer.am|

1lurer.am: ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ՀՀ ԱԺ պետական-իրավական ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում անդրադարձավ ավտոպարկի օպտիմալացման թեմային:

«Ոչ միայն վերջին աշխարհաքաղաքական զարգացումներով Եվրոպայում, այլ նաև առհասարակ մենք նկատում ենք վառելիքի գնի շարունակական աճ: Պետք է միջոցներ ձեռնարկել ոչ միայն կրճատելու առումով, այլ նաև հնարավոր օպտիմալ տարբերակներ ընտրելու: Կառավարությունում ոչ պաշտոնապես, բայց կուլիսներում և բյուջետային քննարկումների ժամանակ, նաև երեկ մեր գործընկերների հետ քննարկելիս, երբ մեքենաների հայտեր էին ներկայացրել, քննարկում էինք էլեկտրական մեքենաների տարբերակը, որը սպասարկման առումով բավականին մատչելի է»,- ասաց Հարությունյանը:  

Հարությունյանը հայտնեց, որ ներկայում հաջորդ տարվա միջնաժամկետ ծախսերի ծրագրի (ՄԺԾԾ) հայտերն են քննարկվում Կառավարությունում:

«Երեկ արձանագրեցինք, որ եթե ոչ միակը, ապա շատ քիչ մարմիններից ու գերատեսչություններից է վարչապետի աշխատակազմը, որ սահմանված չափաքանակից քիչ է ներկայացրել: Ոչ թե այն պատճառով, որ ծրագրերը չենք իրականացնում, ծրագրերն իրականացնում ենք, մի բան էլ՝ ավելի, պարզապես կարողացել ենք որոշակի օպտիմալացումներ իրականացնել: Այս տարի մեր առջև այլ խնդիրներ էլ ենք դրել, մասնավորապես՝ ավտոպարկի օպտիմալացման առումով, որպեսզի մենք ծանրաբեռնված չլինենք և համապատասխան ծախսերը նվազեցնենք»,- ասաց Հարությունյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել