Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահն ամփոփեց Երևանում կայացած Եվրոպայի առաջնությունը   |armenpress.am|
13:59 - 02 հունիսի, 2022

Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահն ամփոփեց Երևանում կայացած Եվրոպայի առաջնությունը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը գոհ չէ Եվրոպայի առաջնությունում մեր մարզիկների գրանցած արդյունքներից:

«Առաջին հերթին շնորհակալ եմ հավաքական թիմին` գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանին: Մեր հավաքականը լուրջ պայքար է մղել, մեր տղաներից յուրաքանչյուրի համար գլուխներս չենք կախել: Այն մենամարտերում, որոնցում պարտվել ենք, շատ մոտ ենք եղել հաղթանակին: Սակայն գրանցած արդյունքից գոհ չենք: Գոնե երկու ոսկե մեդալի հույս ունեինք: Լիահույս եմ, որ ապագայում թե մրցավարական սխալները, թե մեր թույլ տված սխալները շտկելու ենք: Մեր մարզիկների 7 պարտության ժամանակ ես համաձայն չէի մրցավարների որոշման հետ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց  բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահը: Վերջինս անդրադարձավ նաև մրցավարական սխալներին ուղղված բողոքներին՝ շեշտելով, որ հունիսի 25-ի համաժողովի ժամանակ կքննարկվի նաև այս հարցը:

Ֆեդերացիայի նախագահն առանձնացրեց, որ մրցավարական և երկրպագուների ոչ սպորտային պահվածքը երևանյան մրցաշարում բացասական հետևանք չի թողնի մեր երկրի հեղինակության վրա:

«Միջազգային գործընկերներից բարձր գնահատական ենք ստացել որակապես այլ մակարդակի մրցաշար կազմակերպելու համար: Հիմա արդեն քննարկում են հետագայում Հայաստանում աշխարհի առաջնություն անցկացնելու գաղափարը»,- ասաց նա:

Ասուլիսի ընթացքում ֆեդերացիայի նախագահը Եվրոպայի առաջնության ոսկե մեդալի և գոտու կրկնօրինակը նվիրեց Արթուր Բազեյանին ի նշան աջակցության:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել