Քերոբյանը Լարսում կհանդիպի ռուս գործընկերների հետ, կքննարկեն անցակետի թողունակության ավելացման հնարավորությունը |armenpress.am|
14:51 - 01 հունիսի, 2022

Քերոբյանը Լարսում կհանդիպի ռուս գործընկերների հետ, կքննարկեն անցակետի թողունակության ավելացման հնարավորությունը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը վստահեցնում է, որ Լարսի անցակետում բեռնատարների հերթերի խնդրին հնարավորինս շուտ լուծում տալու համար ռուս գործընկերների հետ ամենօրյա աշխատանքի մեջ են, նախարարը հունիսի 11-ին ռուս գործընկերոջ հետ Լարսում կփորձեն հասկանալ թողունակությունը ավելացնելու հնարավորությունները:

Քերոբյանն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում:

Նախարարը նախ նշեց, որ շատ մտահոգ են այն իրավիճակով, որը ստեղծված է Վերին Լարսի անցակետում: Ապա նա վստահեցրեց, որ օրական մի քանի ժամ ինքը, իր գործընկերները զբաղվում են հենց այդ անցակետի հետ կապված հարցերով, այդ հարցերով են զբաղվում նաև ՊԵԿ-ը, ԱԳՆ-ն, Տարածքային և ենթակառուցվածքների նախարարությունը: Հայաստանցի պաշտոնյաները ռուս գործընկերների հետ ամենօրյա կապի մեջ են:

«Ամբողջ եվրոպական ուղղությունները, որոնք նախկինում գալիս էին Բելառուսի և Ուկրաինայի տարածքով, այժմ ստիպված են Թուրքիայի և Վրաստանի միջոցով մտնել Ռուսաստան: Այդ պատճառով այնտեղ առաջացել է շատ մեծ խցանում: Այնուամենայնիվ, հասկանալի է, որ արտահանողների համար շատ ծանր խնդիր է, և մենք մի քանի ուղղություններով աշխատում ենք, որպեսզի թեթևացնենք այդ բեռը»,- ասաց Քերոբյանը:

Օրինակ՝ նախարարը հիշեցրեց, որ հունիսի 15-ից արդեն գործելու է լաստանավային հաղորդակցությունը Վրաստանի և Ռուսաստանի միջև, որը թույլ կտա էապես թեթևացնել լարվածությունը: Ըստ նրա՝ կառավարությունը դրա համար հատկացրել է մոտ 2.5 մլրդ դրամ գումար՝ առաջիկա 6 ամսվա սուբսիդավորման համար:

«Երկրորդ՝ ես անցյալ շաբաթ խոշոր խորհրդակցություն եմ ունեցել ռուս գործընկերների հետ: Մենք միասին պլանավորել ենք հունիսի 11-ին հանդիպել նաև Վերին Լարսում, իրար հետ հասկանալ, թե ինչ հնարավորություններ ունենք՝ էլ ավելի արագացնելու Վերին Լարսի թողունակությունը: Կարծում եմ, մեր ամենօրյա աշխատանքային ռեժիմով կկարողանանք այնպես անել, որ սեզոնի սկզբին այս լարվածությունը էապես թուլացնենք»,- ասաց Քերոբյանը:

Նախարարը նկատեց, որ չնայած այդ բարդություններին՝ ապրիլին Հայաստանից արտահանման աճը կազմել է 20 տոկոս, ընդ որում արտահանումն աճել է ոչ հանքահումքային ապրանքների մասով:

ԵԱՏՄ բեռներն առանձին հերթով անցկացնելու հնարավորության վերաբերյալ հարցին ի պատասխան՝ Քերոբյանն ասաց, որ բանակցությունները դեռևս ընթացքում են, որոշ դրական տեղաշարժեր տեսնում են այդ ուղղությամբ, բայց դեռևս վերջնական դրական արդյունքի չեն հասել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել