Երևանի քաղաքապետարանում մեկնարկած նիստին ավագանու անդամների փոխարեն երեխաներն են բարձրացնում իրենց հուզող հարցերը |armenpress.am|
12:18 - 01 հունիսի, 2022

Երևանի քաղաքապետարանում մեկնարկած նիստին ավագանու անդամների փոխարեն երեխաներն են բարձրացնում իրենց հուզող հարցերը |armenpress.am|

armenpress.am: Երեխաների պաշտպանության միջազգային օրը, «Քաղաքապետը` երեխաների համար» խորագրով միջոցառման շրջանակներում Երևանի քաղաքապետարանում մեկնարկել է ավագանու նիստ՝ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի գլխավորությամբ, որին  ավագանու անդամների փոխարեն մասնակցում են  Երևանի դպրոցների 9-րդ դասարանների աշակերտները: Նախաձեռնության հեղինակը Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչությունն է:

Մինչ նիստի օրակարգին անցնելը , քաղաքապետը շնորհավորեց մասնակիցների Հունիսի 1-ի առիթով և ուրախությամբ փաստեց, որ քաղաքապետարանում մեկնարկած նիստի օրակարգը ձևավորել են հենց աշակերտները: «Կփորձենք հասկանալ ինչ խնդիրներ կան Երևան քաղաքում, և ինչպես կարող ենք դրանք լուծել»,-ասաց նա:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության պետ  Լուսինե Հովհաննիսյանն էլ հավելեց, որ նման միջոցառում իրականացվել էր նաև նախորդ տարի, որի ընթացքում աշակերտների կողմից 96 զեկույց էր ներկայացվել, որոնցից երկուսը կյանքի էին կոչվել:

«Կարծում եմ, որ սա  ավանդույթ կդառնա, և ամեն տարի մենք կիրականացնենք այն: Կարևոր է, որ երեխաների ձայնը լսելի լինի և նրանք Երևանի խնդիրների լուծման շրջանակներում իրենց կարծիքը, տեսլականը հայտնեն, թե  ինչպես են պատկերացնում իրենց երազանքների մայրաքաղաքը»,-ասաց նա:

Երևանի քաղաքապետարանում մեկնարկած նիստի օրակարգում ընդգրկված է  11 հարց:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել