Շառլ Միշելի հայտարարությունը «չպետք է մեկնաբանվի որպես աջակցություն քննարկումների որևէ կանխորոշված ելքի». ԵՄ խորհրդի նախագահի խոսնակի հայտարարությունը |azatutyun.am|
09:57 - 01 հունիսի, 2022

Շառլ Միշելի հայտարարությունը «չպետք է մեկնաբանվի որպես աջակցություն քննարկումների որևէ կանխորոշված ելքի». ԵՄ խորհրդի նախագահի խոսնակի հայտարարությունը |azatutyun.am|

azatutyun.am: Մայիսի 22-ին Բրյուսելում Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման ժամանակ քննարկման հատուկ առարկա է եղել հաղորդակցությունների և տարածաշրջանի ապաշրջափակման հարցը, և երկու կողմերը հաստատել են, որ չկան արտատարածքային պահանջներ ապագա տրանսպորտային ենթակառուցվածքի առնչությամբ: Հակառակի վերաբերյալ շահարկումը ափսոսանք է հարուցում: Այս մասին հայտարարել է Եվրամիության խորհրդի նախագահի խոսնակ Բարենդ Լեյցը այս գիշեր հրապարակած հայտարարությունում:

Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին օրերի լարվածության համատեքստում Միշելը, ըստ հայտարարության, վերահաստատել է Եվրամիության հանձնառությունը՝ խորացնելու համագործակցությունը երկու երկրների հետ հանուն անվտանգ, կայուն, խաղաղ և բարգավաճ Հարավային Կովկասի՝ ի շահ տարածաշրջանի բոլոր բնակիչների: ԵՄ խորհրդի նախագահը ողջունել է սահմանային հանձնաժողովների մայիսի 24-ի հանդիպումը՝ այն անվանելով պատմական, և շեշտել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի երկայնքով կայունության և անվտանգության ապահովման հսկայական կարևորությունը սահմանազատումից առաջ:

«Ավելի լայն առումով՝ նախագահ Միշելը շեշտել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կայուն կարգավորման համար կարևոր է անդրադառնալ բոլոր դեռ չլուծված խնդիրներին՝ այդ թվում առաջ մղելով ապագա խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումները և անդրադառնալով հակամարտության արմատներին: Նախագահ Միշելի կարծիքով բոլոր առանցքային խնդիրները, որոնք հանգեցրել են Լեռնային Ղարաբաղի առաջին պատերազմին, ինչպես նաև 2020 թվականին ռազմական գործողությունների վերսկսմանը, պետք է կարգավորեն բոլոր շահագրգիռ կողմերը՝ պայմաններ ստեղծելու տևական և արդարացի խաղաղության համար»,- ասված է հայտարարությունում:

Նշելով, որ «տերմինաբանությունը հատկապես զգայուն է այս համատեքստում», խոսնակն ընդգծում է, որ մայիսի 22-ի հանդիպման արդյունքներով Միշելի հայտարարությունը «չպետք է մեկնաբանվի որպես աջակցություն քննարկումների որևէ կանխորոշված ելքի», և որ ծայրաստիճան կարևոր է բոլոր խնդիրների համընդգրկուն հասցեագրումը. «Սա ներառում է բոլոր ժողովուրդների իրավունքները և անվտանգությունը»:

Եվ վերջապես, Շառլ Միշելը, ըստ խոսնակի հայտարարության, շեշտել է ժողովուրդներին խաղաղության պատրաստելու անհրաժեշտությունը և «այդ առնչությամբ հրապարակային հռետորաբանության կարևորագույն դերը»: Նա ողջունել է պաշտոնական Երևանի և Բաքվի արտահայտած՝ բանակցությունները շարունակելու պատրաստակամությունը և ընդգծել, որ Եվրամիությունը պատրաստ է աջակցել փոխադարձ վստահության ամրապնդման միջոցառումներին:

Խոսնակը հայտնում է նաև, որ առաջիկա օրերին տարածաշրջան կայցելի Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը՝ «հետևելու քննարկվող բոլոր ասպեկտներին»:

Հիշեցնենք, որ Բրյուսելում մայիսի 22-ին կայացած եռակողմ հանդիպումից հետո Շառլ Միշելը իր հայտարարությունում նշել էր, որ «շեշտել է երկու ղեկավարներին, որ անհրաժեշտ է ապահովել Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը»: 

Հայտարարությունն ընդդիմադիրներն ընդունել էին որպես Արցախի կարգավիճակի նշաձողի իջեցում:

Արցախի նախագահի խոսնակը հայտարարել էր. «ԱՀ իշխանությունների վերաբերմունքը տարբեր ձևաչափերով ընթացող բանակցություններում և քննարկումներում հնչեցվող հայտարարություններին միանշանակ է. արցախահայության ինքնորոշման իրավունքի լիարժեք ճանաչումը որևէ վերապահման և զիջման ենթակա չէ։ Ադրբեջանի կազմում Արցախի որևէ կարգավիճակ անընդունելի է»։ 

Արցախի ԱԺ խմբակցությունները ևս արձագանքել էին՝ նշելով, որ «փորձ է արվում հրաժարվել «Լեռնային Ղարաբաղ» հասկացությունից․ շրջանառության մեջ է դրվում «Ղարաբաղի էթնիկ հայ բնակչություն» բառակապակցությունը»:

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն էլ ասել էր, որ «Բրյուսելում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները տեղավորվում են նախկինում ՀՀ ներկայացուցիչների արած հրապարակային հայտարարությունների շրջանակում»:

Ավելի ուշ հայտարարությունը մեկնաբանել էր նաև ՀՀ վարչապետը. «Քանի որ այս հարցով համաձայնություն չի ձևակերպվել, Շառլ Միշելը իր կողմից որոշել է անել մեկնաբանություններ, որոնք, իր կարծիքով, հնարավորինս շատ էլեմենտներ կարտահայտեն երկու կողմերի դիրքորոշումներից։ Թե ինչքանով է դա ստացվել, ինչքանով է ճշգրիտ, այլ հարց է: Այլ բան, որ մենք մեր դիրքորոշումներն արտահայտել ենք, և այդ դիրքորոշումների մեջ, բնականաբար, որևէ փոփոխություն չկա»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել