Էլեկտրաէներգետիկ շուկան ազատականացվում է աստիճանաբար․ մատակարար 2 ընկերություններ ակտիվ գործունեություն են ծավալում
18:53 - 01 հունիսի, 2022

Էլեկտրաէներգետիկ շուկան ազատականացվում է աստիճանաբար․ մատակարար 2 ընկերություններ ակտիվ գործունեություն են ծավալում

2022 թ․-ի փետրվարի 1-ից Հայաստանն անցում է կատարել  էլեկտրաէներգետիկական շուկայի նոր՝ ազատականացված մոդելի․ եթե նախկինում էլեկտրաէներգետիկ համակարգը գործում էր մեկ գնորդի սկզբունքով, այսինքն՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն (ՀԷՑ) հոսանք արտադրող կայաններից գնում էր հոսանքը ու վաճառում, ապա ազատականացված շուկայի դեպքում  կա այլընտրանք․ էլեկտրաէներգիա վաճառելու հնարավորություն են ստանում նաև մատակարար կազմակերպությունները։   

«Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Մեսրոպ Մեսրոպյանն ասում է՝ շուկան ազատականացնելով հրաժարվում են նաև միջինացված սակագնից․ «Նախորդ տասնամյակների ընթացքում էլեկտրաէներգիայի առք ու վաճառքը հետևյալ կերպ էր իրականացվում․ կենտրոնացված կառավարում էր և գոյություն ուներ մեկ գնորդ, մեկ վաճառող սկզբունքը։ Այս ամենին գումարած կար միջինացված սակագին հասկացությունը։ Միջինացված սակագին տերմինը, առանց մասնագիտական տերմինների, այն է, որ տարբեր սպառողներ և տարբեր արտադրողներ ընդհանուր սակագնի վրա տարբեր ազդեցություններ են ունենում, և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ), հատուկ մեթոդաբանությամբ տարին մեկ անգամ միջինացնելով, ստանում էր միջինացված սակագին։ Բոլոր արտադրողների և բոլոր սպառողների համար գործում էր այդ սակագինը, իսկ շուկան ազատականացնելով մենք հրաժարվում ենք միջինացված սակագին հասկացությունից»։

Նրա խոսքով՝ ռեֆորմը արդյունաբերական ձեռնարկություններին հնարավորություն կտա  ավելի էժան էլեկտրաէներգիա ձեռք բերելու և հետևաբար ավելի էժան գնով արտադրանք տալու․ «2023 թ․-ի փետրվարի 1-ից խոշոր արդյունաբերական ձեռնարկությունները, որոնք միացված են հաղորդողի կամ բաշխողի ցանցին ու տարեկան 1 միլիոն կիլովատտ ժամից ավելի էլեկտրաէներգիա են սպառում, պետք է մտնեն շուկա, այլապես ստիպված կլինեն գնել շուկայում գոյություն ունեցող ամենաթանկ էլեկտրաէներգիան։ Այդպիսիք մոտ 20-ն են»։  

Ըստ Մեսրոպյանի՝ ազատականացման մյուս ամենակարևոր բաղադրիչն այն է, որ Հայաստանը գնում է մեկ գնորդ, մեկ վաճառող մոդելի վերացման, հետևաբար՝  մենաշնորհի վերացման։

Էլեկտրաէներգիայի ազատականացման երեքշաբաթյա դասընթացներ են կազմակերպվել այն խոշոր սպառողների համար, որոնք 2023 թ․-ին մտնելու են շուկա։ Դասընթացներին մասնակցում են ներկայացուցիչներ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից, «Նաիրիտ»-ից և այլ ընկերություններից։ 

Նրա խոսքով՝ ՀԾԿՀ-ն լիցենզիա է տրամադրել մի քանի մատակարար ընկերությունների, իսկ դրանցից  «Էներեքս» և «Էներջի Սփլայ» ընկերությունները շուկայում առավել ակտիվ են։ Մեսրոպյանի խոսքով՝ նախնական արդյունքները գոհացնող են։

Շուկայի ազատականացման շնորհիվ սպառողները Էլեկտրաէներգիան կարող են օնլայն գնել՝ հատուկ առցանց հարթակի միջոցով։ 

Նա ընդգծում է, որ շուկան աստիճանաբար են ազատականացնում՝ ավելորդ ռիսկերից խուսափելու համար։

 

Լուսանկարում՝ Բարձրավոլտ էլեկտրական ցանցերի «Հաղթանակ» ենթակայանը

 

Նանե Ավետիսյան

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել