Խորն անկումից հետո տնտեսությունը վերականգնվել է սպասվածից բարձր տեմպերով. ԿԲ |armenpress.am|
15:29 - 31 մայիսի, 2022

Խորն անկումից հետո տնտեսությունը վերականգնվել է սպասվածից բարձր տեմպերով. ԿԲ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ կենտրոնական բանկի գնահատմամբ՝ 2020 թվականի խորը անկումից հետո Հայաստանի տնտեսությունը 2021-ին վերականգնվել է սպասվածից բարձր տեմպերով:

Այս մասին ասաց ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության վերաբերյալ ՀՀ կենտրոնական բանկի եզրակացության ներկայացմանը:

«2020 թվականի խորը անկումից հետո ՀՀ տնտեսությունը 2021-ին վերականգնվել է սպասվածից բարձր տեմպերով՝ արձանագրելով տնտեսական աճի 5,7 տոկոս մակարդակ: Աճը հիմնականում պայմանավորված է եղել արտաքին պահանջարկի վերականգնմամբ, նաև որոշակի ներքին պահանջարկի աճի գործոններ են ի հայտ եկել: Ներքին աճը պայմանավորված է մասնավոր հատվածի սպառման  աճով, որին նպաստել են անցյալ տարվա ընթացքում կուտակված խնայողությունների բարձր մակարդակը և արտերկրից ներհոսող դրամական փոխանցումների աճը»,- ասաց Երիցյանը:

Նա նկատեց՝ տարեվերջին թե´ ներմուծման, թե´ արտահանման աճն արտահայտվել է երկնիշ թվերով:

ԿԲ նախագահի տեղակալն ընդգծեց նաև, որ վարչարարության բարելավման և հարկային օրենսդրության փոփոխությունների արդյունքում հարկային եկամուտների գծով արձանագրվել է 14,6 տոկոս աճ: Հարկային եկամուտները ՀՆԱ-ում ավելացել են ընդամենը 0,3 տոկոսով, նախատեսվածը շատ ավելի շատ է եղել:

«2021-ի պետբյուջեի ծախսերը նախորդ տարվա համեմատ աճել են 5,8 տոկոսով՝ պայմանավորված մասամբ ընթացիկ ծախսերի աճով, մինչդեռ կապիտալ ծախսերի գծով արձանագրվել է 4,1 տոկոս նվազում:  Ծախսերի անվանական աճն ուղեկցվել է ՀՆԱ-ում տեսակարար կշռի 1,9 տոկոսային կետով նվազման: Կատարողականը բարձր է եղել, այդուհանդերձ, ծրագրի նկատմամբ ավելի ցածր է եղել, զգալիորեն զիջել է կառավարության ծրագրով տարվա համար նպատակադրված թիրախը»,- ասաց Երիցյանը:

ԿԲ-ն շեշտադրում է երկարաժամկետ ներուժային աճի համար ամուր հիմքերի ձևավորմանն ուղղված պետական ծախսային ռազմավարության հրամայականը: Խոսքը վերաբերում է տնտեսական աճի ներուժի բարելավմանը, որով հնարավոր կլինի պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը նվազեցնել 60 տոկոսից ավելի ցածր: 

«2021-ի հարկաբյուջետային քաղաքականության սահուն կոնսոլիդացիայի և դրամավարկային քաղաքականության արդյունավետ համադրման շնորհիվ հնարավոր է  եղել ապահովել ՀՀ-ում մակրոտնտեսական կայունությունը: Մի կողմից՝ հարկաբյուջետային քաղաքականությունը կարևորել է համավարակի և Արցախյան պատերազմի բացասական հետևանքների մեղմման ուղղությամբ իրականացվող միջոցառումների շարունակականությունը, մյուս կողմից՝ պարտքի բեռի նվազման ճանապարհով նախապայմաններ ստեղծել հարկաբյուջետային միջնաժամկետ կայունության ապահովման համար: Այդուհանդերձ, ստեղծված տնտեսական իրավիճակում 2021-ին իրականացված հարկաբյուջետային քաղաքականության արդյունքները որոշ չափով շեղվել են միջնաժամկետ և երկարաժամկետ նախանշված ծրագրերից: Այս համատեքստում ԿԲ-ն կարևորում է տարվա ընթացքում հարկաբյուջետային հակացիկլիկ քաղաքականության որդեգրումը, սակայն շեշտադրում է տնտեսության երկարաժամկետ կայուն զարգացման համար պետական ծախսային ռազմավարության ճշգրտման անհրաժեշտությունը»,- ասաց Երիցյանը:

Միևնույն ժամանակ, ԿԲ-ն ընդգծում է հարկային բարեփոխումների և բյուջետային կարգավորումների  բարելավման շարունակականության ապահովումը, ինչպես նաև  կառավարության նպատակադրած թիրախներն ապահովող արդյունավետ միջոցառումների շարունակական իրականացումը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել