«Ամեն իրավիճակ քաղաքականություն է». Ալեն Սիմոնյանը` «Աղդամն իմ հայրենիքն է» մակագրությամբ լուսանկարի մասին |hetq.am|
13:06 - 31 մայիսի, 2022

«Ամեն իրավիճակ քաղաքականություն է». Ալեն Սիմոնյանը` «Աղդամն իմ հայրենիքն է» մակագրությամբ լուսանկարի մասին |hetq.am|

hetq.am: Իշխանությունը թույլ է տալու, որ փողոց դուրս եկած ընդդիմությունը «մաշեցնի իր բոլոր հնարավորությունները»:

Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը` անդրադառնալով փողոց դուրս եկած գործընկերների գործողություններին:

«Բա ինչի մանդատները վայր չեն դնում, եթե դուրս են եկել փողոց, ինչի չեն գալիս գործի: Ժողովուրդն իրենց մանդատ է տվել, որ փողոցում մնա՞ն, իրենք իրենց թույլ են տալիս ասել, որ վարչապետն ու էսօրվա իշխանությունը լեգիտիմությունը կորցրել են, բայց ակնհայտ է որ լեգիտիմության խնդիր իրենք ունեն»,-ասաց նա:

Սիմոնյանն ընդդիմության գործողությունները բնորոշեց որպես մարդկանց նյարդայնացնելու, խցանումներ ստեղծելու ակցիաներ, և ըստ Սիմոնյանի` ընդդիմությունը ծանր կացության մեջ է:

«Կներեք արտահայտությանս համար` իրենք մնացել են իրենց «պրյոմի» տակ, մենք իրենց թույլ ենք տալու մաշեցնել իրենց բոլոր հնարավորությունները։ Առիթից օգտվելով՝ ուզում եմ ժողովրդից ներողություն խնդրել խցանումների համար, խնդրում եմ մի քիչ դիմացեք, և այս ամենը կավարտվի»,-ասաց նա:

Լրագրողի հարցին, թե չի ցանկանում արդյոք ժողովրդից ներողություն խնդրել պարտութան, Արցախի տարածքների մեծ մասի կորստի համար, Սիմոնյանն արձագանքեց` դրա համար վաղուց ներողություն խնդրել են ու գնացել ընտրությունների:

«Ժողովուրդը նորից պատվիրակել է մեզ այնպիսի ընտրություններով, որոնք որևէ մեկի մոտ կասկած չեն առաջացրել»,-ասաց Սիմոնյանը:

Դիտարկմանը, որ տարիներ առաջ Սուրեն Պապիկյանի հետ նուռը ձեռքներին Արցախի Աղդամի շրջանում լուսանկարներ է տեղադրել ֆեյսբուքյան էջում` գրելով, որ Արցախն իր հայրենիքն է, արդյոք Աղդամը շարունակում է մնալ իր հայրենիքը:

«Կարսում ծնվել էր տատիկս, Կարսը նույնպես ինչ-որ չափով իմ հայրենիքն է… համեմատել մինչպատերազմյան իրավիճակը պատերազմից հետո վիճակի հետ, ֆեյբուքյան տրամաբանության մեջ ասել էսինչ ժամանակ սա ես ասել… Գիտեք ինչ` ամեն ժամանակ, ամեն իրավիճակ քաղաքականություն է, և աշխարհում իրավիճակ է փոխվում»,-ասաց ԱԺ խոսնակը:

Հիշեցմանը, որ այն ժամանակ Սերժ Սարգսյանին քննադատելու համար էր այդպես գրել, երբ վերջինս հայտարարել էր, թե Աղդամն իր հայրենիքը չէ Սիմոնյանը համաձայնեց.

«Այո, Սերժ Սարգսյանն իր պաշտոնավարման ամբողջ ժամանակահատվածում, հատկապես` վերջում, փորձել է հանրությանն էդ միտքն ասել, որ բանակցել են էն բանի մասին, որ այլևս չեն կարողանում Արցախը բանակցային առումով դուրս բերեն: Դրա մասին էր ասում, որ կուզենամ ադրբեջանցի երեխաները գան էստեղ ապրեն, մի անգամ ասեց սահմանամերձ գյուղերում թող չապրեն, թող տեղափոխվեն մնացած տեղեր, կամ որ ասում էր 800 հեկտարը մարտավարական առումով որևէ նշանակություն չունի»:

 

Լուսանկարը՝ ԱԺ-ի


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել