G7 երկրները որոշել են աստիճանաբար հրաժարվել ածխից՝ էլեկտրաէներգիայի արտադրման համար, բայց մանևրելու տեղ են թողել․ CNN
19:52 - 30 մայիսի, 2022

G7 երկրները որոշել են աստիճանաբար հրաժարվել ածխից՝ էլեկտրաէներգիայի արտադրման համար, բայց մանևրելու տեղ են թողել․ CNN

«Մեծ յոթնյակի» (G7) երկրներն այսօր համաձայնության են եկել մինչև 2035 թ-ը «մեծապես ապակարբոնացնել» էլեկտրաէներգիայի արտադրման ոլորտը։ Սա մի մեծ քայլ է, որն, ըստ փորձագետների, աշխարհին թույլ կտա կանխարգելել կլիմայի աղետալի փոփոխությունները, գրում է CNN-ը, որի հոդվածը ներկայացնում ենք կրճատումներով․

«G7 երկրների կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի նախարարները Բեռլինում կայացած հանդիպումն ամփոփող 40-էջանոց կոմյունիկեում նոր պարտավորություն են ստանձնել՝ վերջնականապես հրաժարվելու ածխի միջոցով էլեկտրաէներգիա արտադրելուց, սակայն վերջնաժամկետ չեն նշել։

Ապակարբոնացման մասին այս որոշումն, ամեն դեպքում, տեղ է թողնում, որ երկրները շարունակեն օգտագործել հանածո վառելիքը, եթե դրանցում ջերմոցային գազերի արտանետումը «նվազեցվում է»։ Սա նշանակում է, որ նրանք այրման հետևանքով ավելի քիչ արտանետումներ են ունենում։

Ժամանակակից տեխնոլոգիաները չեն կարող չեզոքացնել հանածո վառելիքի այրման հետևանքով արտանետվող ջերմոցային գազերի 100%-ը։

G7-ի երկրներն են ԱՄՆ-ն, Կանադան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Ճապոնիան և Մեծ Բրտանիան: Էներգետիկ կամ կլիմայական հարցերով նրանց որոշումները հաճախ հետո ներկայացվում են ավելի լայն «Մեծ քսանյակի» (G20) երկրներին, որոնց բաժին է ընկնում ջերմոցային գազերի համաշխարհային արտանետումների 80%-ը։ G20 երկրները նոյեմբերին հանդիպելու են Բալիում։

Այս որոշումը կայացվել է ուկրաինական պատերազմի ֆոնին, որը սրել է էներգիայի՝ էկոլոգիապես ավելի մաքուր աղբյուրների անցնելու անհրաժեշտությունը, հատկապես՝ Եվրոպայում։

Կոմյունիկեում «Մեծ յոթնյակի» երկրները կոչ են արել չարգելափակել հանածո վառելիքի սուբսիդավորումը, որոնք նախատեսված են հակամարտության հետևանքների հաղթահարման համար։

«Այնուամենայնիվ, մենք ձգտում ենք նրան, որ աջակցության մեր միջոցները ժամանակավոր և թիրախային լինեն, և վերահաստատում ենք մեր որոշումը՝ չեղարկելու անարդյունավետ հանածո վառելիքի սուբսիդիաները մինչև 2025 թ-ը», - ասված է փաստաթղթում։

Կլիմայական և էներգետիկ հարցերի հետազոտական Ember խմբի գլխավոր գործառնական տնօրեն Ֆիլ Մակդոնալդն ասում է, որ այս որոշումը «փոխում է խաղի կանոնները»։

«Հետազոտությունները ցույց են տալիս, որ մինչև 2035 թ-ն էլեկտրաէներգիայի ապակարբոնացումը զրոյական մակարդակի հասնելու ամենաարագ և ամենաէժան ուղին է», - ասում է նա՝ նկատի ունենալով այն նպատակակետը, երբ աշխարհի երկրները հնարավորինս քիչ ջերմոցային գազեր արտանետեն և փոխհատուցեն այն արտանետումները, որոնցից հնարավոր չէ խուսափել։ Զարգացած երկրները ձգտում են զրոյական մակարդակի հասնել մինչև 2050 թ-ը։

««Մեծ յոթնյակն» այսօր ճիշտ ուղղությամբ քայլ է կատարել՝ ժամկետ սահմանելով էլեկրաէներգիայի արտադրման ոլորտի զգալի ապակարբոնացման համար, - ասում է E3G վերլուծական կենտրոնի ավագ խորհրդական Մարիա Պաստուխովան։ - Սա կարևոր ազդակ է մնացած աշխարհի համար այն մասին, որ ներկայիս ճգնաժամն ու հանածո վառելիքի նոր մատակարարումների ապահովման ջանքերը ժամանակային սահմանափակում են ունենալու»»։

 

Նորա Վանյան

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել