Երևանյան կանգառասրահների կահավորման և արդիականացման նպատակով կատարվում է գույքագրում․ քաղաքապետարան
14:15 - 30 մայիսի, 2022

Երևանյան կանգառասրահների կահավորման և արդիականացման նպատակով կատարվում է գույքագրում․ քաղաքապետարան

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը կլուսավորվի նոր մոտեցմամբ. կտրվեն գեղարվեստական ինքնատիպ լուծումներ: ՄԱԿ-ի գործընկերների հետ այժմ քննարկվում են մի շարք նմուշներ, որոնք կփորձարկվեն հենց շենքի վրա: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանձնարարել է քայլեր ձեռնարկել նաև Հանրապետության հրապարակի շենքերի գեղարվեստական լուսավորությունն արդիականցնելու ուղղությամբ:

***
Երևանի քաղաքապետարանի «Էլեկտրատրանսպորտ» ընկերության հավաքակայանում կկառուցվի շարժակազմի լվացման նոր ժամանակակից կայան: Այն կապահովի ինչպես տրոլեյբուսների, այնպես էլ համայնքային նոր ավտոբուսների սանիտարական պատշաճ վիճակն ու մաքրությունը: Զեկուցվել է, որ կայանի ձեռքբերման մրցույթը կկայանա այսօր:

***
Երևանյան կանգառասրահների կահավորման և արդիականացման նպատակով կատարվում է գույքագրում: Նախորդ շաբաթ աշխատանքներ են տարվել Աջափնյակ, Շենգավիթ և էրեբունի վարչական շրջաններում: Ծրագիրը կիրականացվի փուլ առ փուլ՝ վարչական շրջաններով, որպեսզի խնդրին տրվի համալիր լուծում: Ընթացիկ տարում կտեղադրվի 10 նոր կանգառասրահ: Գործընթացը կմեկնարկի Աջափնյակից:

***
Երևանի Շենգավիթի համալիր մարզաձերի մանկապատանեկան մարզադպրոցի ևս երեք դահլիճ կհիմնանորոգվի: Աշխատանքների սկիզբը նախանշված է 2023 թվականին: Մարզադահլիճների հիմնանորոգման նախագծման մրցույթը կայացել է այս տարի, ինչը հնարավորություն կտա մյուս տարի միանագամից մեկնարկել հիմնանորոգման աշխատանքները:

***
Մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում է բազմահարկ բնակելի շենքերի աղբամուղների փակման գործընթացը: Այս պահին Երևանում 43 գործող աղբամուղ կա: Հանձնարարվել է քայլեր ձեռնարկել ծրագիրն ամբողջությամբ ավարտին հասցնելու ուղղությամբ:

***
Մայրաքաղաքն առավել մաքուր դարձնելու Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությանն անցած շաբաթ միացել էր Աջափնյակ վարչական շրջանը: Գործընթացն իրականացվել է խնդրահարույց տարածքներում, որոնք ներառում են 20 հասցե: Այս շաբաթ շաբաթօրյակ կլինի Նոր Նորք վարչական շրջանում:

*** 

Խորհրդակցության վերջում Երևանի քաղաքաշինության բնագավառում երկարամյա և նշանակալի ավանդի, ինչպես նաև ցուցաբերած մասնագիտական բարձր որակի համար «Երևաննախագիծ» ՓԲԸ տնօրեն Սիրեկան Օհանյանը պարգևատրվել է Երևանի քաղաքապետի պատվոգրով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել