«Տրտմության եռանկյունին» ֆիլմը՝ Կաննի կինոփառատոնի հաղթող
16:31 - 29 մայիսի, 2022

«Տրտմության եռանկյունին» ֆիլմը՝ Կաննի կինոփառատոնի հաղթող

Շվեդ ռեժիսոր Ռուբեն Օստլունդի «Տրտմության եռանկյունին» («Triangle of Sadness») ֆիլմն արժանացել է Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենի» մրցանակին՝ «լավագույն ֆիլմ» անվանակարգում, գրում է Reuters-ը։

Ֆիլմը պատմում է երկու մոդելների մասին, որոնք շքեղ դասի ճամփորդության են մեկնում, այնուհետև հայտնվում անմարդաբնակ կղզում՝ մաքրուհու և միլիարդատեր հյուրերի հետ միասին։ Միայն մաքրուհին ունի ողջ մնալու հմտություններ, և սոցիալական դերերը գլխիվայր շուռ են գալիս։

«Երբ մենք սկսեցինք ֆիլմի նկարահանումները, կարծում եմ՝ մի նպատակ ունեինք․ իրոք, ամեն կերպ փորձել հանդիսատեսի համար կլանող ֆիլմ ստանալ և այնպիսի բովանդակություն առաջարկել, որը ստիպում է մտածել», - ասել է ֆիլմի ռեժիսոր Օստլունդը։

Գրան-պրի մրցանակը շահել է միանգամից երկու ֆիլմ՝ բելգիացի ռեժիսոր Լուկաս Դոնտի «Մտերմություն» («Close») ֆիլմն ու ֆրանսիացի ռեժիսոր Կլեր Դենիի «Աստղերը՝ միջօրեին» («Stars at Noon») ֆիլմը։

Լավագույն ռեժիսուրայի համար մրցանակի է արժանացել Պակ Չան Ուկը՝ «Հեռանալու որոշում» («Decision to Leave») ֆիլմի համար։

Լավագույն դերասան է ճանաչվել հարավկորեացի դերասան Սոն Կան Հոն («Բրոքեր»/«Broker»), լավագույն դերասանուհի՝ իրանցի Զար Ամիր-Էբրահիմին («Սուրբ սարդ»/ «Holy Spider»)։

 

Լուսանկարում՝ շվեդ ռեժիսոր Ռուբեն Օստլունդը

Նորա Վանյան

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել