Խորանաշատ վանական համալիրում հիմնադրման 800-ամյակի առթիվ հնգամյա ընդմիջումից հետո պատարագ է մատուցվել
12:08 - 29 մայիսի, 2022

Խորանաշատ վանական համալիրում հիմնադրման 800-ամյակի առթիվ հնգամյա ընդմիջումից հետո պատարագ է մատուցվել

Խորանաշատ վանական համալիրում հիմնադրման 800-ամյակի առթիվ հնգամյա ընդմիջումից հետո եպիսկոպոսական Սուրբ պատարագ է մատուցվել։ Այս մասին հայտնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։

«Շուրջ հինգ տարի առաջ էր, որ Խորանաշատում առաջին անգամ՝ հարյուրամյակների ընդհատումից հետո, եպիսկոպոսական Սուրբ պատարագ է մատուցվել։

Մայիսի 28-ին այն հնչել է կրկին. առիթը հիմնադրման 800-ամյակն է: Խորանաշատում՝ ադրբեջանական դիրքերից մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա, Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը Սուրբ պատարագ է մատուցել»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Արարողությանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, պաշտոնատար այլ անձինք և բազմաթիվ հյուրեր մայրաքաղաքից և մարզերից:

Պատարագին հաջորդել է Անդաստանի արարողությունը՝ աշխարհի չորս կողմերի օրհնության կարգը: Այն Չինարիի համայնքապետարանի հարակից տարածքում կատարվել է Սուրբ խաչով և «Խորանաշատի Ավետարան»-ով։

Նշվում է, որ «Խորանաշատի Ավետարան»-ը (1224 թ.) Չինարի էր բերվել Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանից՝ հատուկ այս արարողակարգն իրականացնելու համար:

Արարողությունն ամփոփվել է հոգևոր երաժշտությամբ․ երեկոյան Չինարի գյուղի Մշակույթի տանը ներկաներն ունկնդրել են Երևանի պետական կամերային երգչախմբի կատարումները:

Возможно, это изображение один или несколько человек, люди стоят и в помещении

Возможно, это изображение 1 человек и стоит


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել