Արցախի նախագահն իր և արցախցիների անունից ՀՀ դատախազությանը խնդրել է վերանայել Ավետիք Չալաբյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի անհրաժեշտությունը
21:46 - 27 մայիսի, 2022

Արցախի նախագահն իր և արցախցիների անունից ՀՀ դատախազությանը խնդրել է վերանայել Ավետիք Չալաբյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի անհրաժեշտությունը

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հարգելի հայրենակիցներ,

Սույն թվականի մայիսի 14-ին կալանավորվել է Արցախի Հանրապետության և արցախցիների նվիրյալ բարեկամներից մեկը, Արցախի անվտանգային համակարգի արդիականացման և բարելավման գործում անգնահատելի դերակատար Ավետիք Չալաբյանը: Իրական հայրենասեր, հասարակական գործիչ, «ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանի գլխավորությամբ Արցախում իրականացվել և առ այսօր շարունակաբար իրականացվում են մի շարք կարևորագույն ծրագրեր ու նախաձեռնություններ, որոնք ուղղված են մեր ազգային արժեքների պահպանմանն ու տարածմանը, Արցախի Հանրապետության անվտանգային բաղադրիչների բարելավմանն ու զարգացմանը:

Դրանք ծրագրեր են, որոնցից շատերը հաճախ չեն հանրայնացվում, բայց արցախցու համար շոշափելի են և ունեն շարունակականության կարիք:

Անձնապես ճանաչելով և վստահելով Ավետիք Չալաբյանին, բարձր գնահատելով նրա գործունեությունը, արժեքները և մարդկային բացառիկ որակները` արցախցիների և անձամբ իմ անունից Հայաստանի Հանրապետության դատախազությանը խնդրում եմ վերանայել նրա նկատմամբ ընտրված՝ անազատության մեջ պահելու հետ կապված խափանման միջոցի նպատակահարմարությունն ու անհրաժեշտությունը, ինչպես նաև ապահովել օրինականության և արդարության բոլոր պայմանները բավարարող լրիվ, օբյեկտիվ ու բազմակողմանի նախաքննություն»:

Հիշեցնենք, որ մայիսի 14-ին ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի (Հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը, հավաքին մասնակցելուն հարկադրելը կամ հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը) 3-րդ մասի 2-րդ կետով մեղադրանք է առաջադրվել երկու անձի, որոնցից «Արար» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը (երկու ամսով):


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել