Հովհաննիսյանը բացառում է, որ պետական կառույցի հայեցողությամբ որևէ լրագրող զրկվի հավատարմագրումից |armenpress.am|
13:02 - 26 մայիսի, 2022

Հովհաննիսյանը բացառում է, որ պետական կառույցի հայեցողությամբ որևէ լրագրող զրկվի հավատարմագրումից |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, «Զանգվածային լրատվության մասին» օրենքում լրացումների նախագծի համահեղինակ Արթուր Հովհաննիսյանը վստահեցնում է, որ օրենքի ուժի մեջ մտնելուց հետո պետական կառույցը պարզապես իր հայեցողությամբ կամ որևէ սուր հարցի հիմքով որևէ լրագրողի չի զրկի հավատարմագրումից:

Հովհաննիսյանն այս մասին ասաց խորհրդարանական ճեպազրույցում՝ անդրադառնալով լրագրողի հարցին, թե ո՞վ է որոշելու, թե որն է լրագրողի կողմից խախտումը, գուցե քաղաքական ենթատեքստով սուր հա՞րցը պետական կառույցի կողմից դիտարկվի որպես խախտում:

Հովհաննիսյանը նախ շնորհակալություն հայտնեց այն լրագրողներին, որոնք խնդիր չունեն էթիկայի հետ և բարեխղճորեն կատարում են իրենց պարտականությունները:

«Բայց այս օրենքը բացարձակապես կապ չունի էթիկայի հետ: Մենք խոսում ենք պետական մարմիններում աշխատանքային գոտու կանոնների մասին, որոնք էթիկայի կանոններ չեն, որոնք ամրագրված են հավատարմագրման կարգի մեջ: Որևէ հայեցողության մասին խոսք լինել չի կարող: Լրագրողների համար կանխատեսելի է իրենց աշխատանքը պետական մարմիններում, նրանք գիտեն, թե որոնք են աշխատանքային կանոնների խախտումները: Եվ ես բացառում եմ որևէ դեպք, որը կարող է ենթադրել, որ ինչ-որ հայեցողությամբ, ինչ-որ սուր հարցի հիմքով որևէ լրագրողի հավատարմագրման վերաբերյալ բողոք լինի կամ հավատարմագրումը դադարեցվի»,-ասաց նախագծի համահեղինակ Արթուր Հովհաննիսյանը:

Նա հիշեցրեց, թե ընդունված օրենքն ինչպես է աշխատելու. խախտումն արձանագրվելու է, պետական մարմինն այդ խախտման մասին նախազգուշացնելու է լրատվական գործունեություն իրականացնողին, և, եթե մեկ տարվա ընթացքում կրկին խախտում լինի նույն լրագրողի կողմից, և լրատվամիջոցը սեփական դիմումով չփոխարինի լրագրողին, ապա պետական մարմինն ինքը սեփական նախաձեռնությամբ կարող է դադարեցնել տվյալ լրագրողի հավատարմագրումը՝ նրան այլ լրագրողով փոխարինելու հնարավորությամբ:

Հովհաննիսյանն այդ օրենքում չի տեսնում որևէ իրավունքի սահմանափակում և հայեցողության հնարավորություն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել