Հայաստանը 280 հազար դոլար կվճարի Steptoe and Johnson ընկերությանը՝ արբիտրաժում ՀՀ շահերը պաշտպնելու համար |news.am|
12:14 - 26 մայիսի, 2022

Հայաստանը 280 հազար դոլար կվճարի Steptoe and Johnson ընկերությանը՝ արբիտրաժում ՀՀ շահերը պաշտպնելու համար |news.am|

news.am: Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 26-ի նիստում որոշեց Էդմոնդ Խուդյանը և «Արին Կապիտալ» ներդրումային ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի Հանրապետության արբիտրաժային գործի շրջանակներում ՀՀ շահերի հետագա պաշտպանությունն ապահովելու նպատակով ներգրավել եւ պայմանագիր կնքել Steptoe and Johnson ընկերությանը:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ վերոնշյալ արբիտրաժային վեճի շրջանակներում հարուցված արբիտրաժային վճռի չեղարկման և զուգահեռ՝ հարկադիր կատարման վարույթների ընթացքում ՀՀ շահերի պաշտպանության նպատակով Steptoe & Johnson ընկերության ներգրավումը պայմանավորված է մի շարք հանգամանքներով։

Մասնավորապես,  Ընկերությունը հաջողությամբ իրականացրել է Հայաստանի Հանրապետության շահերի պաշտպանությունը  սույն արբիտրաժային գործի շրջանակներում, ըստ այդմ, լավագույնս տիրապետում է գործի փաստական հանգամանքներին, իրավական փաստարկներին, և առանձնանում է մատուցվող ծառայությունների համար հնարավորինս մատչելի գնառաջարկ ներկայացնելու իր ռազմավարությամբ, ինչպես նաև վճռի կայացումից ի վեր փաստացի աջակցում է ՀՀ կառավարությանը արբիտրաժային վճռի կատարման նպատակով քայլեր ձեռնարկելուն ուղղված աշխատանքների շրջանակներում։

Հարկ է նշել, որ Ընկերության կողմից չեղարկման վարույթի շրջանակներում ՀՀ շահերի պաշտպանությունն իրականացնելու համար ծառայությունների արժեք սահմանվել է 280,000 ԱՄՆ դոլար գումարը, ինչի վճարումը նախատեսվում է իրականացնել «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» ՀՀ կառավարության 2021թ դեկտեմբերի 23-ի թիվ 2121-Ն որոշմամբ հաստատված հավելվածներով սահմանված 1223 ծրագրի 11001 միջոցառման ներքո հատկացված միջոցներից։

Իսկ արբիտրաժային վճռի հարկադիր կատարման վարույթի շրջանակներում Ընկերությանը վճարվելիք գումարը նախատեսվում է իրականացնել հարկադիր կատարման արդյունքում հայցվորներից հավաքագրված գումարից՝ ընդհանուր արժեքի առավելագույնը 33%-ի չափով։ Հարկ է նշել, որ նշված գումարը չի ներառում հարկադիր կատարման վարույթի շրջանակներում հայցվորների ակտիվների բացահայտմանն ուղղված աշխատանքների առնչությամբ ծախսերը, ինչը կարող է կազմել 5,000-30,000 ԱՄՆ դոլար։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել