Գերմանիան չեղարկում է COVID-19-ի սահմանափակումների մեծ մասը երկիր ժամանողների համար
18:11 - 25 մայիսի, 2022

Գերմանիան չեղարկում է COVID-19-ի սահմանափակումների մեծ մասը երկիր ժամանողների համար

Գերմանիայի իշխանությունը չեղարկում է կորոնավիրուսի առնչությամբ կիրառված սահմանափակումները գերմանացիների և օտարերկրացիների համար, որոնք ցանկանում են երկիր մուտք գործել։ Հունիսի 1-ից ժամանողներից այլևս չեն պահանջի պահպանել 3G կանոնը։ Այսպիսի որոշում է ընդունել երկրի կառավարությունն այսօր՝ մայիսի 25-ին, գրում է DW-ն։

3G կանոնի համաձայն՝ 12 տարեկանից բարձր անձինք Գերմանիա ժամանելիս պետք է ունենան պատվաստման հավաստագիր, կորոնավիրուսով հիվանդանացած լինելու մասին վկայական կամ կորոնավիրուսի բացասական թեստ, որն արվել է վերջին 24 ժամում։

Սահմանափակումների չեղարկման որոշումը գործելու է հունիսի 1-ից մինչև օգոստոսի 31-ը։ Երկրի իշխանությունը չի բացառում, որ աշնանը կրկին կարող են սահմանափակումներ կիրառվել, եթե համավարակի նոր ալիք սկսվի։

Այս կանոնը չի տարածվում այն երկրների քաղաքացիների վրա, որոնք Գերմանիա են գալիս այսպես կոչված «կորոնավիրուսի տեսակների տարածման շրջաններից»։ Նրանք նախկինի պես պետք է 14 օր ինքնամեկուսանան՝ անկախ պատվաստումներից և վարակից բուժված լինելուց։ Սակայն, ինչպես նշում է dpa գործակալությունը, ներկա պահին աշխարհի ոչ մի երկիր այդպիսի շրջան չի համարվում։

 

Նորա Վանյան

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել