Երևանի ավագանին հավանություն է տվել քաղաքում սոցիալական աջակցության համար 50 մլն դրամ հատկացնելուն
21:17 - 24 մայիսի, 2022

Երևանի ավագանին հավանություն է տվել քաղաքում սոցիալական աջակցության համար 50 մլն դրամ հատկացնելուն

Երևանի ավագանին մայիսի 24-ի նիստում հավանություն է տվել քաղաքում սոցիալական աջակցության համար 50 մլն դրամ հատկացնելուն: Վերոնշյալ ծրագիրն իրականացվելու է Երևանի քաղաքապետի՝ օրենքով նախատեսված կամավոր լիազորությունների շրջանակում. համայնքն արդեն իրականացնում է նաև սոցիալական այլ ծրագրեր: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմից։

Ավագանու որոշմամբ՝ համայնքային մի շարք բաժնետիրական ընկերություններ կվերակազմակերպվեն: Որոշման նախագիծը ներկայացնող քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանը նշել է, որ նպատակը ծրագրում ընդգրկված պոլիկլինիկաներում բնակիչներին մատուցվող ծառայությունների ու շենքային պայմանների բարելավումն է, ինչպես նաև արդյունավետ կառավարման ապահովումը: Մինչ նախաձեռնության գործնական փուլ տեխափոխումը ուսումնասիրվել և վեր են հանվել բոլոր խնդիրները: Ծրագրում հիմնականում ընդգրկվել են համեմատաբար փոքրաթիվ բնակչություն սպասարկող այն պոլիկլինիկաները, որոնք չունեն համապատասխան ֆինանսական և կադրային ներուժ՝ բնակչությանն անհրաժեշտ ծավալի և որակի բժշկական ծառայություններ մատուցելու, ինչպես նաև սեփական միջոցներով զարգանալու համար:

«Երևանի ավագանու որոշմամբ մայրաքաղաքում կտեղադրվեն լրագրող, արձակագիր, թարգմանիչ Այդին Մորիկյանի, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ, ակադեմիկոս Հրանտ Ադոնցի, պատմաբան, հայագետ, մանկավարժ, պրոֆեսոր Տաճատ Սահակյանի, օրթոպեդ - վնասվածքաբան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ Քրիստափոր Պետրոսյանի, պետական, քաղաքական գործիչ Միսակ Մկրտչյանի, ինչպես նաև պետական և հասարակական գործիչ Բերսաբե Գրիգորյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակներ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ավագանու մեկ այլ որոշմամբ Երևանի Ճառագայթային փողոցից մինչև Շահումյանի 7-րդ փողոց ձգվող հատվածն այսուհետ կկրի արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ, հրապարակախոս Արտաշես Քալանթարյանի անունը:

Նշվում է, որ նիստին հաջորդել է հարց ու պատասխանը: Ավագանու անդամներն իրենց հետաքրքրող հարցերն են ուղղել քաղաքապետին, վարչական շրջանների և քաղաքապետարանի ստորաբաժանումների ղեկավարներին:

Երևանի ավագանու հաջորդ նիստը կգումարվի հունիսի 21-ին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել