Կառավարությունը առաջարկում է, որ 19 տարեկանից բարձր տարիքի դատապարտյալները նույնպես հանրակրթության իրավունք ունենան
12:54 - 24 մայիսի, 2022

Կառավարությունը առաջարկում է, որ 19 տարեկանից բարձր տարիքի դատապարտյալները նույնպես հանրակրթության իրավունք ունենան

Ազգային ժողովը այսօր քննարկեց կառավարության ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում է լրացում կատարել «Կրթության մասին» օրենքում։ Օրինագծով առաջարկվում է, որ 19 տարեկանից բարձր տարիք ունեցող դատապարտյալները նույնպես հանրակրթության իրավունք ունենան։ 

Արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը նախագծի քննարկման ընթացքում ասաց՝ հանրակրթության իրավունք ունեն մինչև 19 տարեկան անձիք, եթե, իհարկե, նրանք այդ իրավունքը չեն իրականացրել ավելի վաղ․ «Այս պահի դրությամբ քրեակատարողական հիմնարկում կան շուրջ 300 դատապարտյալներ, որոնք, ըստ էության, չունեն հանրակրթության բավարար ցենզ, այսինքն ՝ չունեն 9-րդ դասարանի ատեստատ կամ 12-րդ դասարանի ատեստատ և հետևաբար այս առումով մենք ունենք մի շարք խնդիրներ, որոնք արձանագրել ենք մեր մոնիտորինգի արդյունքներով»։ 

Նախարարի տեղակալը ընդգծեց՝ 9-րդ, 12-րդ դասարանի ատեստատ չունեցող անձը ավելի բարձր ցենզի կրթության հավակնելու հնարավորություն չի ունենում․ «Հաջորդ կարևոր խնդիրը, որ մենք արձանագրել ենք, վերաբերում է նրան, որ, չունենալով համապատասխան կրթական ցենզ, անձը, ըստ էության, չի կարողանում հավակնել նաև ունենալու աշխատաշուկայում պահանջարկ վայելող համապատասխան աշխատանք։ Եվ, ըստ էության, այստեղ շատ ռիսկային իրավիճակի տակ է դրվում վերասոցիալականացման հիմնական կարևոր բաղադրիչներից մեկը, այն է ՝ աշխատանքը»։ 

Նա նշեց, որ օրենքի շահառու կհավակնեն դառնալ այն դատապարտյալները, ում պատժի ժամկետի լրանալուն կրթության իրավունքի իրացման վերաբերյալ գրավոր դիմում ներկայացնելու պահին մնացել է մեկ տարուց ավելի։ 

Փոխնախարարը պարզաբանեց, որ 19 տարեկանից բարձր անձանց համար խտացված ծրագիրն է գործելու, կրթությունն իրականացվելու է ինչպես առկա տարբերակով, այսինքն՝ դասախոսական մակարդակով, այնպես էլ հեռավար տարբերակով, հիբրիդային եղանակով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել