Կիևի դատարանը ռուս զինվորականին դատապարտել է ցմահ ազատազրկման |factor.am|
15:30 - 23 մայիսի, 2022

Կիևի դատարանը ռուս զինվորականին դատապարտել է ցմահ ազատազրկման |factor.am|

factor.am: Կիևի Սոլոմենսկի շրջանային դատարանը մայիսի 23-ին ռուս զինծառայող Վադիմ Շիշիմարինին մեղավոր է ճանաչել Սումիի շրջանում քաղաքացիական անձի սպանության մեջ և դատապարտել ցմահ ազատազրկման։ Նա դարձել է առաջին ռուս զինվորականը, որը դատարանի առաջ է կանգնել ռազմական հանցագործությունների մեղադրանքով, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։ Սերժանտը դատարանում հայտարարել է, որ ընդունում է իր մեղքը Սումիի շրջանում քաղաքացիական անձի՝ 62-ամյա Ալեքսանդր Շելիպովի սպանության մեջ։

«Ես դա համարում եմ անընդունելի և քրեորեն պատժելի։ Պատժի առավելագույն չափաբաժնով։ Ես չեմ հերքում իմ մեղքը»,- մայիսի 19-ին հայտարարել է ռուս զինվորականը։ Շիշիմարինի խոսքով՝ ինքը հասկացել է, որ կրակում է քաղաքացիական անձի վրա և կարող էր այլ կերպ վարվել այդ իրավիճակում՝ «միայն վախեցնել»:

Փաստաբան Վիկտոր Օվսյաննիկովը խնդրել է արդարացնել մեղադրյալին։ Նրա խոսքով՝ Շիշիմարինը հանցավոր հրաման է կատարել՝ ցանկանալով փրկել իր կյանքը։ Խոսելով կատարվածի մասին՝ 21-ամյա Շիշիմարինը պատմել է, որ այդ օրը ինքը Չուպախովկա գյուղում երեք այլ զինվորականի հետ վարել է մեքենան, որը նրանք գողացել են այն բանից հետո, երբ իրենց ավտոշարասյունը ջախջախվել է։ Տեսնելով, որ Շելիպովը խոսում է հեռախոսով, զինվորականներից մեկը հրամայել է Շիշիմարինին սպանել քաղաքացիական անձին, որպեսզի վերջինս չհանձնի նրանց ուկրաինացի զինվորականներին։ժ


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել