Լոնդոնը կօգնի պաշտպանվել Մոլդովային՝ Ռուսաստանի հնարավոր հարձակման դեպքում |azatutyun.am|
18:55 - 21 մայիսի, 2022

Լոնդոնը կօգնի պաշտպանվել Մոլդովային՝ Ռուսաստանի հնարավոր հարձակման դեպքում |azatutyun.am|

azatutyun.am: Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Լիզ Թրասը անհրաժեշտ է համարում «զինել Մոլդովան ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխան», որպեսզի Քիշնևը կարողանա պաշտպանվել ռուսական հնարավոր ագրեսիայից։ Այս մասին բրիտանացի պաշտոնյան ասել է The Telegraph-ի հետ զրույցում։

Թրասի խոսքերով՝ այժմ Լոնդոնն ու դաշնակիցները քննարկում են, թե ինչպես օգնել փոքր երկրներին պաշտպանել իրենց՝ հաշվի առնելով «Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հավակնությունները»: «Պուտինը հստակ հայտարարել է Ռուսաստանի ընդլայնման իր հավակնությունների մասին: Այն փաստը, որ Կիևը գրավելու նրա փորձերը անհաջող են եղել, չի նշանակում, որ նա հրաժարվել է այդ հավակնություններից», - ասել է Թրասը:

Մոլդովայում հնարավոր պատերազմի շուրջ մտավախությունն աճել է ռուսաստանցի բարձրաստիճան զինվորականներից մեկի հայտարարությունից հետո, թե Մոսկվան նպատակ ունի ցամաքային միջանցք ստեղծել Ուկրաինայի հարավով մինչև Մերձդնեստր:

Անցած շաբաթներին Մոլդովայից անջատվել ձգտող և Մոսկվայի աջակցությունը վայելող Մերձդնեստրի իշխանությունները մի շարք պայթյունների մասին են հայտնել, որոնց թիրախը, ըստ պնդումների, ռազմավարական նշանակության կառույցներ էին։ Տեղի պաշտոնական աղբյուրների համաձայն՝ կրակոցներ են հնչել նաև Մերձդնեստրի գյուղերից մեկում, որտեղ զենքի ռուսաստանյան հսկայական պահեստ է տեղակայված։ Մոսկվան այդ միջադեպն «ահաբեկչական գործողություն» է որակել:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել