ՅՈՒՆԻՍԵՖ-ը երեք սառցե սենյակ է տրամադրել ՀՎԿԱԿ-ին, որոնք կապահովեն պատվաստանյութերի պատշաճ պահպանումը
11:35 - 21 մայիսի, 2022

ՅՈՒՆԻՍԵՖ-ը երեք սառցե սենյակ է տրամադրել ՀՎԿԱԿ-ին, որոնք կապահովեն պատվաստանյութերի պատշաճ պահպանումը

ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ) և ՅՈՒՆԻՍԵՖ-ը շարունակում են աջակցել ՀՀ Առողջապահության նախարարությանը՝ ամրապնդելու Հայաստանի ազգային սառցային շղթան: Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնին (ՀՎԿԱԿ) է տրամադրվել երեք նոր սառցե սենյակ՝ ավելացնելով հանրապետության սառցե սենյակների թիվը: Սառցե սենյակները կապահովեն պատվաստանյութերի պատշաճ պահպանումը, պահեստավորումը, ինչպես նաև պատվաստումների շարունակականությունը։ Այս մասին հայտնում են ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստանից։ 
 
Իր խոսքում ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանի տնօրեն Ջոն Ալելոն ընդգծել է սառցային շղթայի կարողությունն ընդլայնելու կարևորությունը․ «Այս օրերին, երբ Հայաստանը փորձում է նոր թափ հաղորդել ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստումներին, Հայաստանի՝ պատվաստանյութերի պահեստավորման կարողությունների ընդլայնումը ևս մեկ քայլ է՝ ազգային սառցային շղթան ամրապնդելու ուղղությամբ՝ ապահովելով, որ ավելի շատ ընտանիքներ և համայնքներ լինեն պաշտպանված և նվազեցնելով հիվանդության ծանր դեպքերի զարգացման և մահվան վտանգը»:
 
«Պատվաստանյութերը պահելու համար անհրաժեշտ սարքավորումներով Հայաստանի մարզերը զինելը կարևոր քայլ է` ՔՈՎԻԴ-19-ի դեմ մեր պատվաստումները շարունակելու և պլանային պատվաստումների մեր թիրախներին հասնելու համար։ Մեր սառցային շղթայի կարողությունների շարունակական աճը թույլ կտա ավելի լավ պահեստավորման պայմաններ ապահովել Հայաստանի բոլոր մարզերում», - նշել է ՀՀ Առողջապահության առաջին փոխնախարար Լենա Նանուշյանը։
 
«Վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանը ստացել է մեծ քանակությամբ ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստանյութեր, այդ թվում՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից COVAX նախաձեռնության միջոցով առաքված պատվաստանյութերը։ Հետևաբար, պատվաստումներին նոր թափ հաղորդելու նպատակով, սառցային շղթան ամրապնդելու ջանքերը ժամանակի պահանջ էին, ինչի շուրջ ՅՈՒՆԻՍԵՖ-ը համագործակցել է Առողջապահության նախարարության հետ՝ համակարգը և կարիքները նախապես գնահատելու նպատակով: Ավելին, հետագայում այս սարքավորումները կշարունակեն ծառայել երեխաների պլանային իմունականխարգելման ծրագրերին», - նշել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը։
 
Սառցե սենյակները կահավորված են կորոզիայի չենթարկվող (չժանգոտող) պողպատից հինգհարկանի դարակաշարերով, որոնցից յուրաքանչյուրը կարող է կրել 300 կգ ծանրություն: Դրանք ունեն հատակ, պատեր և առաստաղ, որոնք ապահովում են պատվաստանյութի պահպանման համար անհրաժեշտ, արհեստականորեն ստեղծված ջերմաստիճան` +2°C-ից +8°C։
 
«Սառցե սենյակները սառցային շղթայի կարևոր բաղադրիչն են։ Դրանք արդյունավետ են լոգիստիկ տեսանկյունից, քանի որ ունեն մեծ պահեստային տարողունակություն և չեն պահանջում առանձին սառնարաններ կամ սառցարաններ՝ ապահովելու համար, որ պատվաստանյութերը պահպանվեն պատշաճ ջերմաստիճանում և չկորցնեն իրենց արդյունավետությունը: Մեծ սառցե սենյակները, որոնցից մեկը կտեղադրվի Երևանում, մյուսը՝ Շիրակի մարզում, 40 խորանարդ մետր են և կարող են պատվաստանյութեր պահեստավորել մեկ տարվա կտրվածքով: Տարողությամբ ավելի փոքր սառցե սենյակը, որը կտեղադրվի Վայոց ձորի մարզում, 10 խորանարդ մետր է և կարող է պատվաստնայութեր պահեստավորել եռամսյակային կտրվածքով»,- նշել է ՀՎԿԱԿ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանը։
 
Առաջիկա ամիսներին ԱՄՆ ՄԶԳ-ն և ՅՈՒՆՍԵՖ-ը Հայաստան են առաքելու 210 սառցարան, այդ թվում՝ 5 գերձայնային սառցարան, և ևս 110 սառնարան։ Այս ամենն ի լրումն ապրիլի սկզբին տրամադրված 80 սառնարաններին և 285 սառցարաններին, որոնք տրամադրվելու են ՀՀ առողջապահության առաջնային օղակի 250 հաստատություններին՝ ապահովելով պատվաստանյութերի հասանելիությունը բոլոր համայնքներում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել