ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը Լիտվայի գործընկերներին առաջարկում է կրթության ոլորտում համագործակցության համաձայնագիր ստորագրել
21:57 - 20 մայիսի, 2022

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը Լիտվայի գործընկերներին առաջարկում է կրթության ոլորտում համագործակցության համաձայնագիր ստորագրել

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Կարեն Թռչունյանը մայիսի 20-ին ընդունել են Լիտվայի Հանրապետության ակադեմիական շրջանակների ներկայացուցիչներին՝ Լիտվայի Հանրապետության նախագահի կրթության, գիտության, մշակույթի գծով խորհրդական Պաուլիուս Բալտոկասի գլխավորությամբ։

Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից,  Հանդիպմանը ներկա են եղել Լիտվայի Հանրապետության  փոխդեսպան Վիսմանտե Դայլիդենայտեն և Լիտվայի մի շարք համալսարանների ներկայացուցիչներ՝ ռեկտորներ, պրոռեկտորներ, դեկաններ և այլք։

«Փոխնախարարները շնորհակալություն են հայտնել Լիտվայի Հանրապետության պատվիրակության ներկայացուցիչներին այցելության և համագործակցության համար։ Նրանք շեշտել են, որ կրթությունը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է, և այդ ոլորտում իրականացվում են մի շարք բարեփոխումներ՝ միտված կրթության որակի բարելավմանը, արդյունավետ և միջազգայնորեն մրցունակ կրթական համակարգի ստեղծմանը։

Նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը կարևորել է միջկառավարական ծրագրերի իրականացումը, միջբուհական համագործակցության ակտիվացումը, ինչպես նաև առաջարկել է քննարկել կրթության ոլորտում համագործակցության վերաբերյալ համաձայնագրի ստորագրումը»,- ասվումէ հաղորդագրության մեջ։

Արթուր Մարտիրոսյանն ընդգծել է, որ գիտության, կրթության և սպորտի բնագավառներում հայ-լիտվական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն, հիմքեր՝ փոխգործակցության առավել առաջմղման և հայ-լիտվական հարաբերությունների խորացման համար։ Նա կարևորել է Լիտվայի փորձը և լավագույն փորձի փոխանակումը երկու երկրների միջև։ Առաջարկվել է սերտացնել համագործակցությունը երկու երկրների բարձրագույն ուսումնական հաստատությունների միջև, իրականացնել համատեղ տեղեկատվական նիստեր, դիտարկել թվային դիպլոմների (e-passport) տրամադրման հնարավորությունը:

Նշվում է, որ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, ողջունելով հյուրերին և նշելով, որ կրթությունը ՀՀ-ում գերակա ոլորտ է, ներկայացրել է կրթության ոլորտում արված փոփոխությունները և երկու երկրների բուհերի միջև համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն հայտնել։ Կարեն Թռչունյանն ընդգծել է նաև հավատարմագրման և լիցենզավորման գործընթացների ոլորտում փորձի փոխանակման կարևորությունը։

«Լիտվայի Հանրապետության նախագահի կրթության, գիտության, մշակույթի գծով խորհրդական Պաուլիուս Բալտոկասը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ լիտվական կողմը ևս հետաքրքրված է ՀՀ-ի հետ իրականացվելիք ծրագրերով։ Նա առաջարկել է ակտիվացնել ուսանողների և դասախոսների փոխանակման ծրագրերը, կրկնակի դիպլոմների տրամադրման և կադրերի վերապատրաստման կազմակերպման հնարավորությունը»,- հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից ՝ հավելելվ, որ հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ուսանողների փոխադարձ շարժունությանը, կարճաժամկետ պրակտիկաներին, Լիտվայի համալսարանի հենքի վրա հայագիտական կենտրոնի ստեղծմանը, ուսանողների փոխանակման ծրագրերին առնչվող, ինչպես նաև այլ հարցեր:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել