Արցախում անցնում են կիսանախագահական համակարգի, ԱԺ և նախագահական ընտրությունները կլինեն առանձին
 |civilnet.am|
15:02 - 20 մայիսի, 2022

Արցախում անցնում են կիսանախագահական համակարգի, ԱԺ և նախագահական ընտրությունները կլինեն առանձին |civilnet.am|

civilnet.am: Արցախում նախատեսվում է սահմանադրական փոփոխություններ իրականացնել, որոնցով անցում է կատարվելու կառավարման կիսանախագահական համակարգի, ինչպես նաև խորհրդարանական և նախագահական ընտրություններն անցկացվելու են առանձին՝ համապատասխանաբար 2023 և 2024 թվականներին։

Արցախի նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը հրապարակել է Արցախի Հանրապետության սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծը։

«Հաշվի առնելով Արցախի Հանրապետության անվտանգության ապահովման հրամայականը, ներկայումս Արցախի առջև ծառացած մարտահրավերները, ինչպես նաև ռազմական կամ արտակարգ դրության պայմաններում, արտակարգ իրավիճակներում պետական կառավարման համակարգի ճկունությունն ապահովելու նպատակով՝ առաջարկվում է վերափոխել կառավարման համակարգը՝ անցում կատարելով կառավարման կիսանախագահական համակարգին»,- ասված է հայեցակարգում։

Որպես հիմնավորում նշվում է, որ «Արցախի ռազմաքաղաքական ներկայիս պայմաններում բավականին վտանգավոր և չափազանց ռիսկային է իշխանության գերկենտրոնացումը մեկ անձի՝ Հանրապետության նախագահի ձեռքում»։

Կիսանախագահական կառավարման համակարգի դեպքում գործադիր իշխանությունն իրականացնում է կառավարությունը, որի գործունեությունը ղեկավարում, ինչպես նաև կառավարության անդամների աշխատանքը համակարգում է վարչապետը: Նախագահը, հանդիսանալով Արցախի ինքնիշխանության, անկախության, տարածքային ամբողջականության և անվտանգության երաշխավոր, համակարգում է պետական մարմինների գործունեությունը պաշտպանության բնագավառում, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն է, Անվտանգության խորհրդի նախագահը:

Արցախի գործող սահմանադրության համաձայն՝ գործադիր իշխանության ղեկավարը Հանրապետության նախագահն է: Կառավարությունը նախագահի լիազորությունների իրականացմանն աջակցող գործադիր իշխանության կոլեգիալ մարմինն է։ Իսկ կառավարությունը կազմված է պետական նախարարից և նախարարներից, որոնց նշանակում և ազատում է նախագահը։

Սահմանադրական փոփոխություններով առաջարկվում է նաև անդրադառնալ Անվտանգության խորհրդի սահմանադրաիրավական կարգավիճակին, մասնավորապես, վերանայել Անվտանգության խորհրդի խորհրդակցական բնույթը։

Անհրաժեշտ է լինելու նաև հրաժարվել գործող Սահմանադրությամբ ամրագրված Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի միաժամանակյա ընտրություններ անցկացնելուց:

«Օրենսդիր և գործադիր իշխանությունների բնականոն գործունեության ապահովման և հայեցակարգով նախատեսված առաջարկություններն իրացնելու նպատակով՝ անհրաժեշտ է լինելու մինչև գործող Սահմանադրության համաձայն ընտրված Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի լիազորությունների ժամկետի ավարտը կազմակերպել և անցկացնել արտահերթ համապետական ընտրություններ: Առաջարկվում է, հաշվի առնելով Արցախի ռազմաքաղաքական ներկայիս իրավիճակը, ինչպես նաև հանրային իշխանության մարմինների գործունեությանը չխոչընդոտելու նպատակով, համապետական ընտրություններն անցկացնել աստիճանաբար՝ 2023 թվականին համամասնական ընտրակարգով անցկացնելով խորհրդարանական, 2024 թվականին՝ նախագահական ընտրություններ»,- նշված է հայեցակարգում։

Միաժամանակ, առաջարկվում է ընտրական գործընթացների ճկունությունն ապահովելու նպատակով բացառիկ դեպքերում Արցախի Ազգային ժողովին վերապահել Հանրապետության նախագահ ընտրելու լիազորություն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել