Երևանի քաղաքապետարանի նախկին պաշտոնատար անձանց կողմից պետությանը պատճառված ավելի քան 300 միլիոն դրամ  վնասն ամբողջությամբ վերականգնվել է
12:43 - 20 մայիսի, 2022

Երևանի քաղաքապետարանի նախկին պաշտոնատար անձանց կողմից պետությանը պատճառված ավելի քան 300 միլիոն դրամ վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Երևանի քաղաքապետարանի նախկին պաշտոնատար անձանց կողմից կատարված չարաշահումների փաստի առթիվ քննվող քրեական գործով պարզվել են էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ պետությանը պատճառված վնասի չափը:

Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից, նախաքննության ընթացքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել՝ Երևանի քաղաքապետարանի մի շարք նախկին պաշտոնատար անձանց կողմից ինչպես պաշտոնեական լիազորությունները  չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու, այնպես էլ՝ պաշտոնեական անփութություն կատարելու վերաբերյալ:

Քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ Երևան քաղաքի Փիրումյաններ փողոցի 13/15 և 13 հասցեներում գտնվող՝ համայնքի սեփականություն հանդիսացող 2000քմ և 3500քմ ընդհանուր մակերեսով հողամասերն առանց հրապարակային սակարկությունների՝ ուղղակի վաճառքով, կադաստրային արժեքով, 2010թ. փետրվարին և 2011թ. հուլիսին օտարվել են, ինչի արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի՝ 308.652.000 ՀՀ դրամի վնաս, որը նախաքննության ընթացքում ամբողջությամբ վերականգնվել է:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի նախկին տեղակալին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածով, իսկ Երևան քաղաքի նախկին գլխավոր ճարտարապետի, ճարտարապետության և քաղաքաշինության վարչության նախկին պետի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական հետապնդում չի իրականացվել՝ վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել