Գների աճ, տնտեսական մռայլ հեռանկարներ․ The New York Times-ը՝ Ռուսաստանի տնտեսության մասին
22:12 - 19 մայիսի, 2022

Գների աճ, տնտեսական մռայլ հեռանկարներ․ The New York Times-ը՝ Ռուսաստանի տնտեսության մասին

New York Times-ը գրում է ուկրաինական պատերազմի պատճառով Ռուսաստանի դեմ կիրառված պատժամիջոցների հետևանքով այս երկրի համար առաջացած տնտեսական դժվարությունների մասին։ Հոդվածը ներկայացնում ենք կրճատումներով․

«Մոսկվայում գնորդները բողոքում են, որ մեկ կիլոգրամ բանանի գինը 60-ից 100 ռուբլի է դարձել։ Բանկերը կրճատել են տրամադրվող անդորրագրերի քանակը՝ թղթի պակասի պատճառով։ Հագուստի արտադրողները հայտարարում են, որ մնացել են առանց կոճակների։

«Ռուսաստանի տնտեսական հեռանկարներն առանձնահատուկ մռայլ են։ Ուկրաինայի դեմ դաժան պատերազմ սկսելով՝ Ռուսաստանն ընտրել է ավելի աղքատ և տնտեսական առումով պակաս ազդեցիկ դառնալը», - հայտարարել է Ֆինլանդիայի բանկը։

Նույնիսկ Ռուսաստանի Կենտրոնական բանկն է այս տարվա համար կանխատեսում հսկայական արժեզրկում՝ 18-23%, և արտադրական ծավալների 10% կրճատում։

Հեշտ չէ պարզել պատերազմի և պատժամիջոցների ազդեցությունը ռուսական տնտեսության վրա այն պայմաններում, երբ անգամ «պատերազմ» և «ներխուժում» բառերի օգտագործումն է անօրինական համարվում։ Նախագահ Վլադիմիր Պուտինը պնդում էր, թե տնտեսությունը դիմանում է ԱՄՆ, Եվրոպայի և մյուս երկրների կիրառած միջոցներին։

Մոսկվայի ձեռնարկած ֆինանսական քայլերը սկզբնական փուլում օգնել են մեղմել տնտեսական վնասները։ Հակամարտության սկզբում երկրի Կենտրոնական բանկը կրկնապատկել էր հիմնական տոկոսադրույքը՝ այն հասցնելով 19%-ի, որպեսզի կայունացնի ռուբլին, իսկ վերջերս այն կարողացել է նվազեցնել տոկոսադրույքը մինչև 14%։ Ռուբլու փոխարժեքն ամենաբարձր մակարդակի վրա է վերջին երկու տարում։

Եվ, թեև Ռուսաստանը ստիպված է եղել նավթը զեղչված գնով վաճառել, համաշխարհային գների գլխապտույտ աճը բերում է նրան, որ նավթից ստացվող հարկային մուտքերն այս տարի գերազանցում են 180 մլրդ դոլարը՝ չնայած արդյունահանման ծավալի կրճատմանը, հայտնում է Rystad Energy-ն։ Բնական գազի մատակարարումները ՌԴ բյուջեն կավելացնեն ևս 80 մլրդ դոլարով։

Ամեն դեպքում, Պուտինը նշաններ չի ցուցաբերում, որ արտասահմանի ճնշումն իրեն կարող է ստիպել վերջ տալ Ուկրաինայում ռազմական գործողություններին։

Սակայն վերլուծաբաններն ասում են, որ աշխարհի խոշորագույն առևտրային գործընկերներից և տեխնոլոգիական ընկերություններից շատերի հետ կապերի խզումը մեծ և երկարաժամկետ վնաս կհասցնի Ռուսաստանի տնտեսությանը։

Ֆինլանդիայի բանկի Անցումային տնտեսությունների ինստիտուտի ավագ խորհրդական Լորա Սելանկոյի խոսքով՝ ձեռնարկությունների աշխատանքի համար անհրաժեշտ պահեստամասերի պահուստները կսպառվեն մի քանի ամսից։ Իսկ առաջատար տեխնոլոգիաների և օտարեկրյա ներդրումների բացակայությունն ապագայում թույլ չի տա իրացնել Ռուսաստանի արտադրական ներուժը։

Ռուսաստանի Կենտրոնական բանկն արդեն խոստովանել է, որ սպառողների պահանջարկն ու վարկավորման ծավալները կրճատվում են, և «ձեռնարկությունները զգալի դժվարություններ ունեն արտադրության և լոգիստիկայի ոլորտներում»:

Յելի մենեջմենթի դպրոցի տվյալներով՝ հարյուրավոր օտարերկրյա ընկերություններ կասեցրել են իրենց գործունեությունը Ռուսաստանում կամ նույիսկ հեռացել են երկրից։ Օրինակ՝ այս շաբաթ McDonald’s ընկերությունը հայտարարել է, որ Ռուսաստանում երեք տասնամյակ աշխատելուց հետո պլանավորում է վաճառել բիզնեսը, որը ներառում է 850 ռեստորան և 62 հազար աշխատատեղ։

Ֆրանսիական Renault ավտոարտադրողն այս շաբաթ նույնպես հայտարարել է բիզնեսը ՌԴ կառավարությանը վաճառելու մասին, թեև այդ գործարքի շրջանակում ընկերությունը հնարավորություն ունի հետ գնելու իր մասնաբաժինը վեց տարվա ընթացքում։ Իսկ փաթեթավորման նյութերի և թղթի մատակարար Stora Enso ֆիննական ընկերությունը հայտարարել է Ռուսաստանում իր երեք գործարանների վաճառքի մասին։

Ռուս-ուկրաինական պատերազմն ու համաշխարհային տնտեսությունը

Ռուսական նավթից ու գազից հրաժարվելու Եվրոպայի խոստումը Մոսկվային ստիպելու է նոր գործընկերներ փնտրել, հատկապես՝ Չինաստանում և Հնդկաստանում։ Սակայն Ասիայի հետ համագործակցությունն, ըստ Rystad Energy-ի ավագ վերլուծաբան Դարյա Մելնիկի՝ «ժամանակ և մասշտաբային ներդրումներ կպահանջի ենթակառուցվածքներում, ինչը միջնաժամկետ հեռանկարում կհանգեցնի Ռուսաստանում արտադրության և եկամուտների կտրուկ անկման»։

Առանց պահեստների բավարար քանակի Ռուսաստանը, հնարավոր է, ստիպված լինի կրճատել նավթի և գազի ընդհանուր արդյունահանումը։

Ռուսաստանի ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը հայտարարել է, որ պատժամիջոցների պատճառով այս տարի նավթի արդյունահանման 17% կրճատում կարող է տեղի ունենալ։

Մյուս ոլորտներում նույնպես անկում է նկատվում։ Մարտին մարդատար ավտոմեքենաների արտադրությունը կրճատվել է 72%-ով՝ անցյալ տարվա համեմատ։

Ներկրման ծավալների կրճատում է նկատվում արդյունաբերական, սպառողական ապրանքների ոլորտներում։

Սպառողների համար առաջին անհրաժեշտության ապրանքների գների աճն այնքան զգալի է, որ Թվիթերում «Իսկ ի՞նչ է պատահել» անվանումով էջ է հայտնվել, որտեղ ռուսաստանցիները բողոքում են ամեն ինչի գների աճից՝ Palmolive շամպուններից մինչև նեկտարինը։

Երկրի սահմաններից դուրս Ռուսաստանի տնտեսական հեռանկարները նույնպես վատթարանում են։ Այս ամիս ֆիննական Fennovoima ընկերությունը հայտարարել է ռուսական պետական «Ռոսատոմ» կորպորացիայի հետ պայմանագրի խզման մասին, որով նախատեսվում էր «Հանհիկիվի-1» ատոմակայանի շինարարությունը։

«Մենք խորապես հիասթափված ենք։ Այդ որոշման հիմքերը բացարձակապես անհասկանալի են», - ասել էր «Ռոսատոմը»»։

 

Նորա Վանյան

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել