Պետական աջակցությամբ մի շարք հուշարձաններ կվերականգնվեն. աշխատանքները մեկնարկել են
14:05 - 19 մայիսի, 2022

Պետական աջակցությամբ մի շարք հուշարձաններ կվերականգնվեն. աշխատանքները մեկնարկել են

Մեկնարկում են 2022 թ․ պետական բյուջեով նախատեսված պատմության և մշակույթի հուշարձանների վերականգնման աշխատանքները։ Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։ 

ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության աշխատակիցները հերթական աշխատանքային այցն են կատարել Տավուշի և Լոռու մարզերի մի շարք հուշարձաններ՝ վերականգնման աշխատանքների մեկնարկից առաջ աշխատանքային խնդիրները տեղում քննարկելու նպատակով։

Այցին ներկա էին նաև վերականգնման, տեխնիկական և հեղինակային հսկողություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչները, Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի տնօրենությունը:

Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի մասնաճյուղը՝ կառուցված 19-րդ դարի վերջին (1896 թ.), Դիլիջանի ամենահին շինություններից է: Ճարտարապետական այս կառույցի վթարային վիճակը հաշվի առնելով՝ ԿԳՄՍ նախարարությունը նախաձեռնել է շենքի վերականգնման աշխատանքները, որոնց ավարտը նախատեսվում է 2024 թ.:

Այցի ընթացքում թանգարանի տնօրենության հետ քննարկվել են հուշարձան շենքի ճարտարապետական առանձնահատկությունների պահպանմանը վերաբերող մի շարք հարցեր:

Դիլիջան համայնքի Գոշավանքի Սուրբ Աստվածածին եկեղեցու և գավիթի տանիքածածկերի նորոգման աշխատանքների մեկնարկի վերաբերյալ աշխատանքային այցի ընթացքում արձանագրվել են համալիրի գավիթի ծածկասալերի փոխարինման անհրաժեշտությունը, ճեմասրահի անցման կամարակապ թաղի վթարային վիճակը: Քննարկվել է նաև համալիրի Սուրբ Գևորգ եկեղեցու գրատուն-զանգակատան թմբուկների վերականգնման հնարավորությունը: Լոռու մարզի Թումանյան համայնքի Քոբայրավանքում մասնագետներն անդրադարձել են 2022 թ. նախատեսված միանավ սրահի կենտրոնական թաղի վերականգնման աշխատանքներում կիրառվող նյութերի և շինհրապարակի կազմակերպմանն առնչվող խնդիրներին:

Ալավերդի համայնքի Սանահին վանական համալիրի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի այցելության ժամանակ քննարկման առանցքում էին տանիքի լանջերի արևմտյան հատվածի նորոգումը, տարածքի մաքրման և բարեկարգման անհրաժեշտությունը: Հընթացս իրականացվել է տեղազննություն համալիրի հարավային մասում գտնվող Արղության Երկայնաբազուկների և Զաքարյան իշխանների դամբարանների հատվածում: Ուսումնասիրվել են իրականացված աշխատանքներն ու պեղումների արդյունքները:

ԿԳՄՍ նախարարությունից հիշեցնում են, որ նշյալ հուշարձանների վերականգնման համար պետական բյուջեից հատկացվել են հետևյալ միջոցները՝

1. ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Հ. Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի նորոգման, ամրակայման աշխատանքներ՝ 26 735 052 ՀՀ դրամ.

2. ՀՀ Տավուշի մարզի Գոշ համայնքի Գոշավանքի Սուրբ Աստվածածին եկեղեցու տանիքածածկերի նորոգման աշխատանքներ՝ 5 544 096 ՀՀ դրամ.

3. ՀՀ Լոռու մարզի Քոբայր ե/գ կայարանի Քոբայրավանքի սեղանատան վերականգնման և տարածքի բարեկարգման աշխատանքներ՝ 20 392 074 ՀՀ դրամ.

4. ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի Սանահին վանական համալիրի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու նորոգման և ամրակայման աշխատանքներ՝ 27 300 000 ՀՀ դրամ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել