Առաջարկվում է ավելացնել Վճռաբեկ և Սահմանադրական դատարանի դատավորների վարձատրությունը՝ հավելումների և հավելավճարների վերանայման միջոցով
12:42 - 19 մայիսի, 2022

Առաջարկվում է ավելացնել Վճռաբեկ և Սահմանադրական դատարանի դատավորների վարձատրությունը՝ հավելումների և հավելավճարների վերանայման միջոցով

Կառավարությունը այսօրվա նիստի ընթացքում հավանություն տվեց «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում և կից նախագծում լրացումներ կատարելու նախագծին, որով առաջարկվում է հավելումների և հավելավճարների վերանայման միջոցով բարձրացնել Վճռաբեկ դատարանի և Սահմանադրական դատարանի դատավորների վարձատրությունը։

Արդարադատության  փոխնախարար Գրիգոր Մինասյանը նախագծի քննարկման ընթացքում ասաց, որ Դրանով Վճռաբեկ դատարանի  և Սահմանադրական դատարանի դատավորների համար սահմանված վարձատրության չափը չի համապատասխանում վերջիններիս կագավիճակին և պատասխանատվությանը։

«Վճռաբեկ դատարանն իրականացնում է կարևոր սահմանադրական առաքելություն, նպաստում է իրավունքի զարգացմանը, ապահովում է դատական պրակտիկայի միասնականությունը։ Այն  իր գործի բերումով առերեսվում է դատավարական բողոքների մեծ քանակի և եռաստիճան դատական համակարգում  առնչվում է իրավունքի և փաստի ամենաբարդ հարցերի քննությանը։ Սահմանադրական դատարանն էլ, իր հերթին, ապահավում է իրավակիրառ պրակտիկայում Սահմանադրության ամբողջական և միակերպ ընկալում ու սահմանադրական օրինականությունը և որոշում է կարևոր օրենսդրական նախաձեռնությունների ճակատագրեր»։

Նախարարն ասաց՝ առաջարկվում է ավելացնել վերջիններիս վարձատրությունը ՝նրանց տրամադրվող հավելումները և հավելավճարները վերանայելու միջոցով։ «Ըստ այդմ, Վճռաբեկ դատարանի դատավորների համար առաջարկվում է սահմանել հավելում՝ պաշտոնային դրույքաչափի 50%-ի չափով, իսկ Սահմանադրական դատարանի բոլոր դատավորների համար հավելավճարի չափը սահմանել ֆիքսված՝ պաշտոնային դրույքաչափի 80%-ի չափով։                     Որպեսզի նախագծի ընդունման արդյունքում ՍԴ դատավորների կենսաթոշակի չափն իր հերթին զգալիորեն չտարբերվի մյուս ատյանի դատավորների կենսաթոշակի չափից, «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում էլ նախատեսվել է կարգավորում, որ եթե դատավորի համար սահմանված հավելավճարի չափը գերազանցում է պաշտոնային դրույքաչափի 30%-ը, ապա կենսաթոշակի հաշվարկի մեջ ընդգրկվում է հավելավճարի գումարի միայն 30%-ը»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց՝ նմանատիպ որոշումները առաջին հերթին կայացնում են ոչ թե հանուն դատավորների, այլ քաղաքացիների․ «Շատ մարդիկ ասելու են՝ այս սոցիալական ծանր իրավիճակում բռնում եք դատավորների և Սահմանադրական դատարանի դատավորների աշխատավարձն եք բարձրացնում, և ես ինչպես նախկինում այս վերաբերյալ որոշումների քննարկման ժամանակ ասել եմ՝ մենք այս որոշումները կայացնում ենք առաջին հերթին ոչ թե հանուն դատավորների, այլ հանուն այն քաղաքացիների, ովքեր առնչվում են այդ դատարանների հետ, որովհետև արդարությունը և պատշաճ արդարադատությունը ամենակարևոր հնարավորությունն է, որ մենք երկրում պետք է ունենանք։ Սա ունի և՛ սոցիալական, և՛ քաղաքական, և՛ իրավական նշանակություն, որովհետև մենք հետևողականորեն պետք է գնանք այս ճանապարհով, որովհետև մենք ուզում ենք, որ ՀՀ-ում լինի այնպիսի դատական համակարգ, որը, պայմանականորեն ասած, նայում է մարդկանց աչքերին, ոչ թե մարդկանց ձեռքերին»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել