Կենսաթոշակառուները ու նպաստառուները հուլիսի 1-ից անկանխիկ եղանակով վճարումներից հետվճար կստանան
11:44 - 19 մայիսի, 2022

Կենսաթոշակառուները ու նպաստառուները հուլիսի 1-ից անկանխիկ եղանակով վճարումներից հետվճար կստանան

Կառավարությունն այսօրվա նիստի ընթացքում ընդունեց «Անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշոկառուներին հետվճար տրամադրելու պետություն-մասնավոր սոցիալական փոխգործակցության» նախագիծը։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հայտնեց, որ  ծրագրի համաձայն  այս տարվա հուլիսի 1-ից գործընկեր բանկերի քարտապան կենսաթոշոկառուները ու նպաստառուները, որոնք ՀՀ տարածքում գործող առևտրի կետերում կամ ծառայություններ մատուցող կազմակերպությունների մոտ տեղադրված վճարային քարտերով և վճարում ընդունող սարքերով կկատարեն գնումներ և վճարումներ, հաջորդ ամիս կստանան 10%-ի չափով հետվճար նախորդ ամսվա ընթացքում կատարված անկանխիկ գործարքների հանրագումարից․ «Հետվճարի գումարը չի կարող գերազանցել 5000 դրամը՝ անկախ թե ինչ գումարի շրջանակում են կատարվել գործարքները։ Հետվճարը տարածվելու է նաև կոմունալների վճարումների վրա, եթե դրանք կատարվել են կենսաթոշակային քարտը թողարկած բանկի բանկոմատների միջոցով։ Հետվճարը ձևավորվում է պետություն-բանկ սոցիալական պատասխանատվության  գործընկերության շրջանակներում, որտեղ պետությունը և բանկը մասնակցում են հինգական տոկոս համամասնությամբ»։

Նախարարը տեղեկացրեց նաև, որ մինչև հունիսի 1-ը նախարարությունը կայքէջում կհրապարակի գործընկեր բանկերի ցանկը, որոնք միացել են այս ծրագրին։ 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց՝ ծրագիրը փորձնական 6 ամսով են նախատեսում անել։
«Կվերլուծենք, կհասկանանք, թե ինչ հնարավորություններ ու թերություններ կան ու դրանք հընթացս գուցե ավելի լավարկենք»։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն էլ տեղեկացրեց՝ կան նպաստառուներ, որոնք նպաստը կանխիկ եղանակով են ստանում, սակայն դիմելու դեպքում նրանց նույնպես բանկային քարտեր կտրամադրվեն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել