Կառավարությունը գումար հատկացրեց գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերի մասին հանրությանը իրազեկելու համար
13:49 - 19 մայիսի, 2022

Կառավարությունը գումար հատկացրեց գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերի մասին հանրությանը իրազեկելու համար

Կառավարությունն այսօրվա նիստի ընթացքում 79 միլիոն 800 հազար դրամ հատկացրեց գյուղատնտեսության ոլորտում իրականացվող պետական աջակցության  ծրագրերի մասին հանրությանը իրազեկելու համար։

Նախագծի հիմնավորման համաձայն՝ վերջին տարիներին պետության կողմից գյուղատնտեսության ոլորտում  իրականացվող պետական աջակցության ծրագրերը բավական լավ արդյունքներ են արձանագրել․ «Դրանք բավականին լուրջ խթան են հանդիսանում և լավ պայմաններ առաջարկում պոտենցիալ շահառուներին։ Պետության կողմից գյուղատնտեսության ոլորտում իրականացվող աջակցության ծրագրերի վերաբերյալ իրականացվել են  հանրային իրազեկման աշխատանքներ, այդ թվում՝ տեղեկատվություն է տրամադրվել ՀՀ էկոնոմիկայի նախարարության կայքէջում, տեղեկատվություն է տարածվել սոցիալական հարթակներում, զանգվածային լրատվության միջոցներով, կազմակերպվել են նախարարության պատասխանատու աշխատակիցների հետ հարցազրույցներ՝ առանձին ծրագրերի վերաբերյալ։ Իրականացված աշխատանքների շնորհիվ շահառուները տեղեկացվել են պետական աջակցության ծրագրերի մասին, ներգրավվել որպես շահառուներ և օգտվել ծրագրերից»։

Նշվում է, սակայն, որ կա իրազեկվածության պակաս, հատկապես մարզերում. տնտեսավարող սուբյեկտների մեծ մասը տեղյակ են իրականացվող ծրագրերից, սակայն իրազեկված չեն այդ ծրագրերի շահառու դառնալու համար անհրաժեշտ քայլերին և կամ ծրագրերի պայմաններին․ «Հաշվի առնելով վերոգրյալը՝ անհրաժեշտ է իրականացնել հանրային իրազեկման լայնածավալ և շարունակական աշխատանք, հասցեական տեղեկատվություն տրամադրել ծրագրերի կարևորության, նպատակների, խնդիրների և սպասվելիք արդյունքերի մասին, բացատրել ծրագրերից օգտվելու օգուտները՝ հետաքրքրություն, շահագրգռվածություն առաջացնելով  շահառուների շրջանում և ապահովելով բոլոր շահառուների ներգրավումը գործընթացում»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել