Ռուսաստանը հուսով է, որ Հայաստանն ու Ադրբեջանը առաջիկայում կսկսեն սահմանազատման գործընթացը. Զախարովա
 |1lurer.am|
20:51 - 18 մայիսի, 2022

Ռուսաստանը հուսով է, որ Հայաստանն ու Ադրբեջանը առաջիկայում կսկսեն սահմանազատման գործընթացը. Զախարովա |1lurer.am|

1lurer.am: Այսօր տեղի ունեցած ճեպազրույցում Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «Լուրեր»-ի հարցին, թե ինչպես է գնահատում տարածաշրջանային և տնտեսական կապերի և հաղորդակցությունների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը, պատասխանել է.

«Մոսկվան Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական բոլոր կապերի ապաշրջափակման հարցը առանցքային խնդիրներից մեկն է համարում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման և տարածաշրջանում համագործակցության համատեքստում: Բարձր ենք գնահատում ապաշրջափակման հարցով եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը։ Այդ խմբի համանախագահները կանոնավոր շփման մեջ են, որպեսզի բոլոր կողմերին բավարարող որոշումներ մշակվեն»,- ասել է Զախարովան։

Նա նաև հիշեցրել է, որ անցյալ շաբաթ Երևան էր այցելել ռուսաստանցի համանախագահ, փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել տարածաշրջանի հաղորդակցության խնդիրները։

Մարիա Զախարովան նաև նշել է, որ Ռուսաստանը հուսով է՝ առաջիկայում կհաջողվի սկսել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործնական աշխատանքը։

«Մենք հետևողականորեն հանդես ենք գալիս հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման երկկողմ հանձնաժողովի ստեղծման և հետագա սահմանագծման օգտին՝ Ռուսաստանի խորհրդատվական աջակցությամբ։ Միևնույն ժամանակ, պետք է քայլեր ձեռնարկել սահմանի կայունությունն ու անվտանգության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ։ Այս հարցը քննարկվել է Դուշանբեում՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպման ժամանակ: Գործընկերները տեղեկացրել են, որ իրենք մոտ են ազգային պատվիրակությունների ձևավորման ավարտին»,- ասել է Զախարովան՝ ավելացնելով, որ Ռուսաստանն արդեն ձևավորել է իր փորձագիտական թիմը և  հուսով է, որ առաջիկայում կհաջողվի սկսել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործնական աշխատանքները։

Զախարովայի կարծիքով՝ սահմանազատման հանձնաժողովի աշխատանքների շուտափույթ մեկնարկն անհրաժեշտ է նաև ցանկացած տեսակի սահմանային միջադեպերի կանխարգելման համար:

«Դրա շրջանակում հնարավոր կլիներ վստահության բարձրացման մեխանիզմներ ձևավորել, ներառյալ՝ շփման խմբերի ստեղծումը՝ սահմանամերձ շրջաններում կայուն մթնոլորտ ապահովելու համար»,- ասել է Զախարովան:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել