Իտալացի խորհրդարանականներին է ներկայացվել Հայաստանի դիրքորոշումը խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված գործընթացների մասին
17:55 - 18 մայիսի, 2022

Իտալացի խորհրդարանականներին է ներկայացվել Հայաստանի դիրքորոշումը խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված գործընթացների մասին

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն այսօր ընդունել է Միջխորհրդարանական միությունում երկկողմ՝ Իտալիա-Հայաստան հարաբերությունների բաժնի ղեկավար Ջուլիո Չենտեմերոյի գլխավորած պատվիրակությանը։

Ողջունելով հյուրերին Հայաստանում՝ նախարարի տեղակալը երախտագիտություն է հայտնել Հայաստանի և Իտալիայի միջև 30-ամյա հարաբերությունների զարգացման գործում նրանց ներդրման համար:

Կողմերը գոհունակություն են հայտնել երկու երկրների միջև հաստատված խորհրդարանական երկխոսության առկա մակարդակի առնչությամբ:

Կարևորելով միջպետական հարաբերությունների զարգացման գործում օրենսդիրների դերակատարությունը, զրուցակիցներն ընդգծել են Հայաստանի և Իտալիայի միջև հարաբերությունների հետագա խորացման և ամրապնդման կարևորությունը։

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել հարավկովկասյան տարածաշրջանում անվտանգության և խաղաղության հաստատման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի շուրջ:

Հայկական կողմը ներկայացրել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը և Հայաստանի դիրքորոշումը՝ խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված գործընթացների վերաբերյալ։

Այս համատեքստում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը կարևորել է խորհրդարանականների մակարդակով աջակցության վերահաստատումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ զբաղվող միակ ձևաչափին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը, ինչպես նաև՝ 44-օրյա պատերազմի արդյունքում առաջացած հումանիտար հետևանքների վերացմանն ուղղված ջանքերին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել