Ուկրաինայի հետ բանակցությունները դադարեցվել են․ Ռուսաստանի ԱԳՆ
14:58 - 17 մայիսի, 2022

Ուկրաինայի հետ բանակցությունները դադարեցվել են․ Ռուսաստանի ԱԳՆ

Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտարարել է, որ Ուկրաինայի հետ բանակցությունները դադարեցվել են։ «Ոչ, բանակցությունները չեն շարունակվում։ Ուկրաինան գործնականում դուրս է եկել բանակցային գործընթացից», - ասել է նա լրագրողներին։ Ռուդենկոն հավելել է, որ բանակցությունները «ոչ մի ձևով» չեն ընթանում, գրում է «Կոմերսանտը»։

Ուկրաինայի հետ բանակցություններում առաջացած խնդիրների մասին առաջին անգամ հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ապրիլի կեսերին։ Այն ժամանակ նա հայտարարել էր, որ Կրեմլը դժգոհ է ուկրաինական կողմից՝ բանակցություններում դիրքորոշման հաճախակի փոփոխման պատճառով։ Մայիսի 4-ին Պեսկովը հայտարարել էր, որ բանակցություններում «հազիվ թե կարելի է որևէ զարգացում արձանագրել, ավելի շուտ՝ ընդհակառակը»։

Մայիսի 13-ին Կրեմլը հաղորդել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել է, որ բանակցություններն «ըստ էության, արգելափակվել են Կիևի կողմից»։

Ավելի վաղ Ուկրաինան էր Ռուսաստանին մեղադրել բանակցություններ վարելուց հրաժարվելու համար։ Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել էր, որ «Ռուսաստանն իրական և բովանդակալից բանակցություններ վարելու պատրաստակամություն չի դրսևորում»։


Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել