Գիտությանը հատկացվող բյուջեի բարձրացումներով չի ստացվի արդյունքի հասնել, եթե համակարգային մոտեցում չլինի. Խաչիկ Նազարյան
16:07 - 16 մայիսի, 2022

Գիտությանը հատկացվող բյուջեի բարձրացումներով չի ստացվի արդյունքի հասնել, եթե համակարգային մոտեցում չլինի. Խաչիկ Նազարյան

Անցած ամիս «Գիտուժ» նախաձեռնությունը նոր հայտարարությամբ էր հանդես եկել, որում, ի թիվս այլնի, հայտարարել էր, որ կառավարության կողմից գիտական հետազոտությունների հանդեպ ուշադրության դրական փոփոխություններն իրենց ողջ աննախադեպությամբ հանդերձ անիմաստ կդառնան, եթե չհստակեցվեն մեր երկրի նպատակները, չսահմանվեն դրանցից բխող Գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների զարգացմանը նպաստող իրատեսական ու հավակնոտ ռազմավարական ծրագրերը՝ հիմնված խնդրիներին համակարգային և ամբողջական լուծումներ տալու և միջազգայնորեն մրցունակ մակարդակի հատկացումների հանձնառություն վերցնելու վրա։ Օրերս էլ «Գիտուժի» անդամները մամուլի ասուլիսով հանդես եկան և հայտարարեցին, որ գիտության հանդեպ կառավարության և Ազգային ժողովի վերաբերմունքը թուլացնում են Հայաստանի անվտանգությունը։ 

Infocom-ը թեմայի շուրջ զրուցել է «Գիտուժ» նախաձեռնության անդամ, «VMware» ընկերության ինժեներական տնօրեն Խաչիկ Նազարյանի հետ։ 

Նազարյանը ընդգծում է՝ «Գիտուժ» նախաձեռնությունը ակտիվ  գործունեությունը սկսել է 44-օրյա պատերազմից հետո․ «44-օրյայից հետո վիճակը շատ սուր դարձավ: Մեր գլխավոր պահանջն այն էր, որ կառավարությունը երկարաժամկետ հանձնառություն ստանձնի, որ գիտության մեջ ներդրումները աճեն, լինեն անընդհատ ու երկարաժամկետ, ոչ թե միայն խոսքով, այլ նաև օրենքով դա պետք էր ամրագրել՝ ՀՆԱ-ի 1%-ը գիտությանը։ «Գիտուժի» վերջին հայտարարությունը տարբերվում է նրանով, որ ակնհայտ շեշտադրում կա պաշտպանական ոլորտի վրա, անվտանգության վրա, ինչպես նաև ահագին հարցեր ավելի բացված տեսքով ենք բարձրացրել, որովհետև զգում ենք, որ մեկ-երկու տողով պահանջը  հատկապես հանրության մոտ գուցե հստակ չհասկացվեց»։

Խաչիկ Նազարյանը նկատում է՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, որ 3-4 տարի առաջ է ձևավորվել, արդեն 4 ղեկավար է փոխել, իսկ ԲՏԱ-ի ենթակայությամբ գործող Ռազմարդյունաբերության կոմիտեն 2 տարի է՝ ղեկավար չուներ․ «Այս ամենը հատկապես 44-օրյա պատերազմից հետո ընդհանրապես անհասկանալի է։ Արդեն դժվար է ասել, որ չկարողանալուց է, չիմացությունից է։ Շատ վատ ենթադրություններ խուսափում եմ անել, որ դա դիտմամբ է, որովհետև նմանվում է թշնամական գործողության։ Ամեն դեպքում, ենթադրությունն այն է, որ կամ չեն գիտակցում դրա կարևորությունը, կամ գիտակցում են, բայց չեն կարողանում անել։ Երկուսի դեպքում էլ արդարացումը զրո է, որովհետև գոյաբանական հարցի մասին ենք խոսում ու հապաղել ընդհանրապես չի կարելի, ինչ պատճառ էլ լինի, անընդունելի է»։

Նա նշում է, որ գուցե խնդիրները բարդ են, սակայն բարդ խնդիրները լուծելու դասական ձևեր կան և կան մարդիկ, որոնք կարող են աջակցել այդ հարցերում․ «Պոզիտիվ ենթադրությունն այն է, որ ամեն դեպքում գիտակցում են։ Մեր շփումներում, իրենց հրապարակային հայտարարություններում գիտակցության նման բան կա, գոնե բանավոր խոսքում։ Ստացվում է երկրորդը՝ գիտակցում են, չեն կարողանում անել։ Չկարողանալու դեպքում խնդիրը բարդ է, գուցե փորձառու չեն, գուցե շատ կադրեր չեն համաձայնում աշխատել, այդ բոլորը հասկանալի է, բայց բարդ խնդիրները լուծելու դասական ձևեր կան։ Մեծ խնդիրը չես վերցնում, որ կորես մեջը։ Փոքրացնում ես խնդիրը, մասնատում ես, հասկանում ես գոնե 1-2 ակնհայտ քայլեր, որ սա որ անես, երևի ճիշտ ուղղությունն է։ Կամ եթե ներուժ չունես, գոնե լսում ես համայնքին, իրենց բախտը բերել է, որ գոնե այս հարցում ահագին խելոք մարդ է հավաքվել իրար գլուխ, ուզում է օգնած լինի»,-ասում է նա՝ հավելելով՝ ամեն ոլորտում չի, որ նման կոնստրուկտիվ հասարակական շարժում կա, որը սրացումների չի գնում։ 

2021 թ․-ին Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը «Պաշտպանության բնագավառում գիտական և գիտատեխնիկական նպատակային հետազոտություններ ծրագրի» համար հատկացվել էր 4 միլիարդ 574 միլիոն դրամ, իսկ 2022 թ․-ին՝ 5 միլիարդ 200 միլիոն դրամ։ Այս ծրագրի շրջանակում գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքներ են իրականացվում։ Կառավարությունը, սակայն, 2021 թ․-ին կատարված վերաբաշխումներով 2 միլիարդ 576 միլիոն դրամով կրճատել է նախապես պլանավորված բյուջեն, իսկ այս տարվա ապրիլի 7-ին կառավարության որոշմամբ ծրագրի բյուջեից 295 միլիոն դրամ է կրճատվել՝ գումարը այլ միջոցառման վրա ծախսելու հիմնավորմամբ։ 

Անդրադառնալով այս հանգամանքին՝ Խաչիկ Նազարյանը նշում է՝  սա գիտության թեմատիկայի մեջ ամենասուր հարցը պետք է լիներ Հայաստանում․ «Ղեկավարի չլինելը գուցե առարկայական չհասկացվի, ինչ-որ մարդիկ ասեն՝ լավ, ղեկավար չկար, բայց ժամանակավոր պատասխանատու կար, բայց մենք դրա հետևանքը տեսնում ենք ձեր բերած հարցի մեջ։ Ավելի ահավոր է վիճակը, երբ լսում ես արդարացման փորձերը, որ դե ծրագիր ներկայացնող չկա, ո՞նց ծախսենք, մենք փորձում ենք էֆֆեկտիվ ծախսել, սա հանրային գումար է․․․․ Դու հենց դրա համար ես, կառույցը դրա համար է, հակառակ դեպքում Պաշտպանության նախարարության վրա կմնար, ինքը կնստեր, կսպասեր ծրագիր ներկայացնեին։ Դու՝ որպես Ռազմաարդյունաբերության կոմիտե, որը ձևավորվել է լրիվ ուրիշ՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության մեջ, հենց դրա համար ես»։

Նրա խոսքով՝ գուցե սկզբում ներդրումները պետք է  արվեն միջավայրի ձևավորման համար, և այս հարցում Ռազմարդյունաբերության կոմիտեն ագրեգացիոն դեր ունի․ «Արդյոք դու բացահայտե՞լ ես, թե ինչն է խանգարում, երկիրը «յուրահատու՞կ» է, ոչ ոք չի՞ ուզում, մեր ձեռներեցները, բիզնեսմենները գժվե՞լ են, չեն ուզո՞ւմ ոչմիբանի մասնակցել, մենք «յուրահատո՞ւկ» ենք։ Ո՛չ։ Խանգարող բաներ կան, գուցե բյուրոկրատիայի հարցն է, գուցե «տոլերանտ» չեն ինովացիայի նկատմամբ, այսինքն՝ միայն պատրաստի բաներ եք ուզում, ինչպես անում էր ՊՆ-ն, բայց այդ կառույցի՝ կոմիտեի ձևավորման բուն նպատակին հակասող արդարացում է, որ դե ծրագրեր չկան, դրա համար բյուջեն վերաբաշխվեց»։ 

«Գիտուժի» անդամն ասում է՝ Հայաստանում ռազմարդյունաբերության զարգացման հնարավորություններ կան, իսկ եթե պատասխանատու մարմինների կարծիքով՝ այդ պոտենցիալը չկա, ապա պետք է գործունեություն ծավալել այն ձևավորելու համար․ «Ես տեխնոլոգիական համայնքից եմ, գուցե կողմնակալ վերաբերմունք ունենամ, բայց այո, ես այդ պոտենցիալը տեսնում եմ։ Եթե իրենց տեսանկյունից նայենք, եթե նույնիսկ տեսնում են, որ պոտենցիալ չկա կամ թույլ է, որևէ ձևով չի արդարացնում իրենց մոտեցումը, որովհետև եթե չկա, ներդրումները հենց պետք է անել պոտենցիալի ձևավորման համար։ Եթե այդ պայմաններում դու մտածում ես, որ պոտենցիալ չկա ու մի հատ էլ գումարը վերաբաշխում ես, փոխանակ մտածես՝ բա լավ, ինչ անել, որ այդ պոտենցիալը ձևավորվի, այդ  պոտենցիալը հո մանանա՞ չի, որ երկնքից իջնի, դրանք մարդիկ են, որ ունեն այդ գիտելիքը, գործ պետք է անես, որ այդ պոտենցիալը առաջանա։ Գուցե ավելի սուր է հարցը, եթե պոտենցիալը կա, բայց չի օգտագործվում, բայց նույնիսկ  եթե այն ծայրահեղությունն  է, որ պոտենցիալը չկա, շատ լավ, արդար է, բա ո՞ւր է ձեր գործունեությունը, որ այդ պոտենցիալը ձևավորվի։ Եթե հուսահատվել եք, որ անհույս է, հնարավոր չի ունենանք, բյուջեն զրոյացրեք, հստակ ասեք, որ մենք սրանով չենք զբաղվելու, մեր պաշտպանությունը, անվտանգությունը ձևավորվելու է ինչ-որ հրաշքով»,-ասում է նա՝ նշելով՝ երկրում այլ շատ հարցեր կան, սակայն կան նաև հարցեր, որոնք անքննարկելի են և որոնցում ոչ ոք անհամաձայնություն չունի։ 

Խաչիկ Նազարյանը նշում է՝ բյուջեի բարձրացումներով չի ստացվի արդյունքի հասնել, եթե կառավարությունը երկարաժամկետ հանձնառություն չվերցնի, համակարգային մոտեցում չլինի․ «Համակարգային մոտեցման բացակայությունը ամեն տեղ ծակեր է տալիս։ Եթե ամբողջ խրոնոլոգիային չտիրապետող մարդը նայի իրավիճակին, զուտ թղթի վրա թվեր կարդալով կարող է տեսնել, որ անցած տարի էլ է բարձրացում եղել, իրենց բառերով՝ աննախադեպ, այս տարի էլ է եղել բարձրացում, արդյունքում կարող է պարզվել, որ թղթի վրա մեր ասածը իրականում տեղի է ունենում ու տեղի է ունեցել։ Կարող է նույնիսկ հասնենք նրան, որ 2022-2024 թթ․ տեսնենք, որ մեր ուզած  4 տոկոսը բյուջեի տողով շարադրած է, բայց արդյունքում ոչինչ չստանանք։ Եթե այսպես էլ մնա՝ կետային ներդրումներ արվեն, համակարգային մոտեցում չլինի, ուշադրությունը դրվի այն ամենի վրա, որը կոմֆորտ զոնա է, ավելի վատ է ստացվում։ Ստացվում է՝ մենք փոշիացնում ենք այդ ռեսուրսները»։

«Գիտուժի» անդամն ասում է՝ շատ են խոսել գիտական ներուժի ծերացման մասին, սակայն պետական պատվերով ասպիրանտական տեղերը շարունակում են մնալ 200. «200-ը նույնն է, կարծես մահամերձ հիվանդին ջուր տաս խմելու, որ չմեռնի․ հաստատ մեռնելու է։ Երբեմն միջանցքային բացատրություններ հնչում են, որ չկան, շատացնում ես տեղը, գալիս են ձևական, բայց մի անեկդոտ կա՝ մինչև լողալ չսովորես, ջրավազանում ջուր չեն լցնի։ Պարզ բան է, 200 տեղ չպիտի նախատեսվի, ամբիցիոզ թիվ պիտի նախատեսես ու այո, այն պաշտոնատար անձը, որ դրա համար պատասխանատու է, իր դիմաց պետք է դնել ժամկետներով հարց, որ այս կետին պետք է հասնել այս ժամկետներում ու հրապարակել, որ հանրությունն էլ հետևի, որ այս պաշտոնյայի վրա դրված է կոնկրետ այս ծրագիրը, մի քանի ամսից այս ինչ կետին պետք է հասնի, հանրությունն էլ հասկանա՝ ինչին է հետևում»։

Նույնը, Նազարյանի խոսքով, վերաբերում է  Սփյուռքի գիտնականների՝ Հայաստանում գործունեություն ծավալելուն․ «Ակնհայտ է, որ ներսի գիտուժը ծերանում է, ու ինչքան էլ փորձես լրացնել, տարիներ կտևի, մինչև լրանա։ Էլ որտե՞ղ կա ներուժ, որին հենց այսօր հնարավոր է ներգրավել։ Դա Սփյուռքն է։ Այստեղ էլի փոքր գործողություններ են, ոչ ամբիցիոզ ծրագրեր, որի արդյունքում մեկ երկու հոգի հազիվ գա։ Էլի պետք է երկարաժամկետ հանձնառություն նախատեսվի, այդ մարդիկ տեսնեն, որ այս պետությունը երկար է գնալու»։

Խաչիկ Նազարյանը Գերմանիայի կանցլերի հայտարարությունն է  հիշատակում  ու նշում, որ դա հզոր մեսիջ էր հանրության համար․ «Ուկրաինայի դեպքերից հետո, երբ իրենց փաստացի դեռ առարկայական վտանգ չէր սպառնում, կանցլերը միանգամից հայտարարեց, որ 2 տոկոս նախատեսում են հատկացնել պաշտպանականին ու ամրագրեց Սահմանադրության մեջ։ Այդ մեսիջի հզորությունը պատկերացնո՞ւմ եք․ իր ամբողջ հանրությանը, ձեռներեցներին ասում է, որ մեխելու եմ, որ ոչ մի քաղաքական ուժ չգա ու փոխի, հանգիստ ներգրավվեք այդ գործի մեջ, ներդրումներ արեք։ Դա է ամբիցիոզ գործողությունը, որ չի արվում»։

 

Նանե Ավետիսյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել