Ծիծեռնակաբերդի բարձունքում 420 ծառ և թուփ է տնկվել
19:43 - 14 մայիսի, 2022

Ծիծեռնակաբերդի բարձունքում 420 ծառ և թուփ է տնկվել

Ծիծեռնակաբերդի բարձունքի՝ համայնքին պատկանող տարածքում գարնանային ծառատունկ է: Դեռևս 2019 թ. նախանշված ծավալուն նախագիծը գործնական փուլ է մտել այս տարի: Նախ 8.5 հա համայնքապատկան հատվածում մեծ թափով սանիտարական մաքրման աշխատանքներ են սկսվել, որի ընթացքին պարբերաբար հետևել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Տարիներ շարունակ անխնամ մնացած անտառային տարածքը կարգի բերելու համար աշխատանքներին ներգրավվել է շուրջ 160 աշխատակից:

«Ավելի քան 400 մեքենա աղբ է տեղափոխվել տարածքից: Այստեղ առկա էին բազալտի մեծ շերտեր, քարեր, մենք այդ ամենը մաքրեցինք այնպես, որ հասնենք հողային շերտին: Բնաբաժակներն ապահովված են անհրաժեշտ բաղադրիչներով հարուստ հողախառնուրդով»,- նշել է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Տիգրան Հակոբյանը:

Որպեսզի աշխատանքներն արդյունավետ լինեն, մոտեցումներն էլ մասնագիտորեն հիմնավորված՝ տարածքում կատարվել է նաև հողագիտական ուսումնասիրություն, և նմուշառումներն ուղարկվել մասնագիտացված կենտրոն:

«Խնդիրն այն էր, որ գետինը հիմնականում ծածկված էր մեծ քարերով, որոնք մաքրել ենք: Մոտավորապես 1.2 մ խորությամբ փոսեր ենք փորել, դրան համապատասխան հողախառնուրդը լցրել փոսերը և նոր միայն ծառատունկ սկսել: Դա ծառերին հնարավորություն է տալիս 2-3 տարի այդ հողախառնուրդում աճել, որից հետո արմատային համակարգը կուժեղանա և արդեն բնական հողում էլ կսկսի բնականոն աճել»,- ասել է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի գլխավոր դենդրոլոգ Արծվի Գրիգորյանը:

Մարզահամերգային համալիրի արևմտյան հատվածը մասնագետները չորս հատվածի են բաժանել: Գործընթացն իրականացվում է մի շարք ուղղություններով. ծրագրի այս փուլում աշխատանքներ են տարվում համայնքապատկան մասի շուրջ 2 հա տարածքում: Գարնանային ծառատունկի ընթացքում արդեն իսկ տնկվել են 420 ծառ և թուփ:

«Երևանի զարգացման ծրագրով քաղաքականությունը միտված է կանաչ տարածքների ընդլայնմանը, որի վառ օրինակներից մեկն այս տարածքի վերականգնումն է: Այստեղ հիմնվում է անտառային գոտի: Նաև թփապատման ծավալուն աշխատանքներ ենք քաղաքում իրականացնում, որը երկրորդ շերտի բուսականությունն ավելացնելու հնարավորություն է տալիս: Այն կարևոր նշանակություն կունենա մեքենաների արտանետումները զտելու-կլանելու և օդը մաքրելու գործում»,- ընդգծել է Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Գևորգ Նազարյանը:

Քաղաքապետարանի տարեկան ծրագրով լուծվել է նաև ոռոգման ցանցի խնդիրը: Ջուրը տարածք հասցնելու նպատակով փոխվել է ջրագիծը: Այս ծավալուն նախագիծը, բնապահպանական նշանակությունից բացի, ունի ևս մեկ կարևոր խորհուրդ. խնամված, ակնահաճո միջավայր ստեղծել հայության համար խորհրդանշական Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հարակից տարածքում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել