Էդմոն Մարուքյանը հրապարակել է Ադրբեջանին ներկայացված վեց կետերը
 |tert.am|
23:22 - 13 մայիսի, 2022

Էդմոն Մարուքյանը հրապարակել է Ադրբեջանին ներկայացված վեց կետերը |tert.am|

tert.am: Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը «Առաջին ալիք»-ին տված հարցազրույցում հայտարարեց, որ լիազորված է և կհարապարակի Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի վեց կետերը․

Նա ասաց, որ բայց ինքը տեսնում է, որ Ադրբեջանի ԱԳ նախարարը ոչ դիվանագիտական տեքստ էր արտաբերել, թե  հայկական կողմի կետերը առաջարկ էլ չի կարելի համարել. «Ուրեմն ես ասեմ` ինչ ձևով ներկայացվել են իրենց հինգ կետերը, նույն կերպ մեր պատասխանն է ուղարկվել»։

Էդմոն Մարուքյանն ասաց, որ լիազորված է հրապարակել վեց կետերը և հայտնեց. «Առաջին կետում նշված է մարտի 11-ին  ստացվել է Ադրբեջանի առաջարկը և պատասխանում ենք.

2-րդ կետ. ՀՀ-ն երբեք չի ունեցել և չունի տարածքային պահանջներ Ադրբեջանի հանրապետության նկատմամբ։ Այստեղ ասվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և  սահմանները 1991 թվականի դեկտեմբերի ութին Ադրբեջանի հետ համատեղ ստորագրված փաստաթղթի մասին։

Երրորդ կետով ասվում է, որ հայկական կողմի համար հիմնարար է Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության երաշխավորումը, նրանց իրավունքների և ազատությունների հարգման, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշման հարցը։

Չորրորդ կետը.  հայկական կողմը կարևոր է համարում Ադրբեջանի նախագահի, ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի նոյեմբերի 9-ի,հունվարի 11֊ի և նոյեմբերի 26֊ի հայտարարություններում ամրագրված պարտավորությունները։ Սա չորրորդը, իսկ դա ո՞րն է, ռազմագերիների վերադարձը, որը մինչ օրս չի արվել, կոմունիկացիաների բացումը։

Հինգերորդ կետը. հայկական կողմը պատրաստ է սկսել բանակցություններ  խաղաղության , հարաբերությունների կարգավորման պայմանագիր կնքելու Ադրբեջանի և ՀՀ-ի միջև միջպետական հարաբերությունների հաստատման համար ՄԱԿ կանոնադրության և այլ միջազգային փաստաթղթերի հիման վրա։ Այստեղ է ամրագրված ազգերի ինքնորոշման և այլ կարևոր իրավունքներ։

Վեցերորդ կետ. համապատասխան բանակցությունների կազմակերպման համար հայկական կողմը դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին»։

Մարուքյանն ասաց,որ սա այն է, ինչ հայկական կողմը ներկայացրել է ի պատասխան Ադրբեջանի առաջարկների:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել