Շարունակում է խնդրահարույց մնալ բերման ենթարկելիս հիմքը ներկայացնելու մոտեցումը․ Քրիստիննե Գրիգորյան
13:50 - 13 մայիսի, 2022

Շարունակում է խնդրահարույց մնալ բերման ենթարկելիս հիմքը ներկայացնելու մոտեցումը․ Քրիստիննե Գրիգորյան

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ զրույցում ասաց՝ ընդդիմության ցույցերի  ընթացքում ոստիկանության կողմից հետևողական խախտումներ ենք արձանագրել․

«Դրանցից մեկը անձանց ստիպողաբար նույնականացնելն էր, որոնց վերաբերյալ մենք իրազեկում էինք տվել անձանց, ծանուցել էինք իրենց իրավունքները։ Վերջին 2 օրերի մոնիթորինգը և բաժինների այցելությունը ցույց են տալիս, որ նման դեպքերը արդեն դարձել են 1-2, այն դեպքում, երբ սկզբի 4-5 օր համատարած ձևով իրականացվում էին։ Նույնիսկ դեպք էր եղել, երբ մտել էին անձի հեռախոսի  անձնական հավելվածներ, փորձել էին այդպես նույնականացնել, նկարել էին իր կամքին հակառակ, առնվազն այդ ուղղությամբ ունենք փոփոխություն, բայց շարունակում է խնդրահարույց մնալ բերման ենթարկելիս բերման ենթարկման հիմքը ներկայացնելու մոտեցումը։ Մենք նաև առաջարկել ենք քննարկում կազմակերպել՝ կոնկրետ հասկանալու, բացի գրագրությունից, ինչպես է  ոստիկանությունը կոնկրետ հասցեագրելու, ինչ փոփոխություններ է կատարելու՝ բացի անհատական պատիժները և ծառայողական քննությունները»։

Անդրադառնալով հարցին, թե ինչու չի այցելել Ազատության հրապարակում հացադուլ իրականացնող 44-օրյա պատերազմի մասնակիցներին, Գրիգորյանն ասաց․ «Իմ ներկայացուցիչները մի քանի անգամ այցելել են, մեր միջամտությամբ մի քանի անգամ լուծվել է տվյալ վայրում վրանի տեղադրման հարցը և որոշակիորեն բավարար եմ համարել այդ ընթացքում նման տեսակ միջամտությունը»։

Պաշտպանը նաև մեկնաբանեց հարցը, թե ինչու չի այցելել զոհված զինծառայողների հարազատներին, որոնք ակցիաներ էին իրականացնում գլխավոր դատախազության դիմաց․ նա նշեց, որ այդ ընթացքում գործուղման է եղել։ 

Քրիստիննե Գրիգորյանը անդրադարձավ նաև քրեակատորողական հիմնարկների իրավիճակին՝ մասնավորապես նշելով, որ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի անբարվոք պայմաններ են, և ինքը այդ հարցով պարզաբանումներ են պահանջել Արդարադատության նախարարությունից։ Որոշ պարզաբանումների ստացել են, որոնցից դժգոհ են․ «Շատ վտանգավոր ու մտահոգիչ էր տեսնել, որ մինչև 3 տարեկան երեխա խնամող կին դատապարտյալները ու պատիժ կրող անձինք կամ կալանավորված կանայք չունեին տարրական պայմաններ երեխաների խնամքը ապահովելու համար, երեխաների համար յուրահատուկ սնունդը ապահովելու, առաջին բժշկական դեղամիջոցները ապահովելու մասով այսինքն՝ այս մասով լրջագույն խնդիրներ էինք վերհանել, ու նաև ֆիզիկական պայմանների մասով»-ասաց Գրիգորյանը՝ նշելով, որ եթե Արդարադատության նախարարությունը խնդիրները լուծելու համար քայլեր չիրականացնի, դա արձանագրելու են որպես խախտում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել