Արագածոտնի մարզի Թալին համայնքի ավագանու լիազորությունները դադարեցվեցին․ ավագանու արտահերթ ընտրություններ կլինեն
12:12 - 13 մայիսի, 2022

Արագածոտնի մարզի Թալին համայնքի ավագանու լիազորությունները դադարեցվեցին․ ավագանու արտահերթ ընտրություններ կլինեն

ՀՀ կառավարությունը որոշեց վաղաժամկետ դադարեցնել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնքի ավագանու լիազորությունները եւ նշանակել ավագանու արտահերթ ընտրություններ:

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկշաբաթյա ժամկետում պետք է նշանակի Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնքի ավագանու արտահերթ ընտրության անցկացման օրը:

Անցյալ տարվա դեկտեմբերի 5-ին ՀՀ Արագածոտնի մարզի Թալին միավորված համայնքում տեղի էր ունեցել համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություն:

Թիվ 18 տարածքային ընտրական հանձնաժողովի դեկտեմբերի 12-ի №44-Ա որոշման համաձայն՝ Թալին համայնքի ավագանին ընտրվել է և մանդատները բաշխվել են 4 կուսակցությունների միջև.

1) «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցություն՝ 6 մանդատ.

2) «Հայք» լիբերալ կուսակցություն՝ 3 մանդատ.

3) «Մեր համայնքը» կուսակցությունների դաշինք՝ 2 մանդատ,

4) «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 10 մանդատ:

Դեկտեմբերի 17-ին կայացել է Թալին համայնքի ավագանու առաջին նիստը, որի ընթացքում ընդունվել է ավագանու թիվ 02-Ա որոշումը, որի համաձայն՝ Տավրոս Սափեյանն ընտրվել է համայնքի ղեկավար: Սակայն, առ այսօր չի կայացել համայնքի ընտրված ղեկավարի երդման արարողությունը՝ ավագանու անդամների քվորումը չապահովվելու հիմքով:

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի համաձայն՝ «Ավագանու հերթական նստաշրջանները գումարվում են փետրվարի երկրորդ երեքշաբթի օրվանից մինչև հունիսի վերջին չորեքշաբթին և սեպտեմբերի երկրորդ երեքշաբթի օրվանից մինչև դեկտեմբերի վերջին չորեքշաբթին: Նստաշրջանի ընթացքում յուրաքանչյուր ամիս հրավիրվում է ավագանու առնվազն մեկ նիստ»:

Ս.թ. փետրվարի 8-ից առ այսօր Թալին համայնքի ավագանու նիստեր չեն հրավիրվել և անցկացվել, քանի որ դրանք պետք է հրավիրվեին համայնքի ղեկավարի կողմից, այնինչ՝ Օրենքի 74-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով Թալին համայնքի ընտրված ղեկավարն իր լիազորությունները չի ստանձնել:

Օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝

«Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է վաղաժամկետ դադարեցնել ավագանու լիազորությունները, եթե`

1) հերթական նստաշրջանի ընթացքում ավագանու նիստերը երեք ամսից ավելի չեն գումարվում.»:

Այդ ժամկետը լրացել է ս.թ. մայիսի 8-ին:

Ինչպես տեղեկանում ենք որոշման նախագծի հիմնավորումից՝ եռամսյա ժամկետում Թալի համայնքի ավագանու նիստեր չգումարվելու փաստն արձանագրվել է համայնքի աշխատակազմի կողմից և ներկայացվել է ՀՀ ՏԿԵՆ ՀՀ Արագածոտնի մարզպետի գրությամբ:

Ելնելով վերոգրյալից՝ մշակվել և Կառավարության քննարկմանն է ներկայացվում «Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու և ավագանու արտահերթ ընտրություններ նշանակելու մասին» Կառավարության որոշման նախագիծը:

«Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու և ավագանու արտահերթ ընտրություններ նշանակելու մասին» Կառավարության որոշման ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների պահանջ չի առաջանում, իսկ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն սպասվում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել