Ռուսական զորքերը գրավել են ուկրաինական Պոպասնայա քաղաքը։ Ի՞նչ է դա փոխում ճակատում․ BBC Russian
19:07 - 11 մայիսի, 2022

Ռուսական զորքերը գրավել են ուկրաինական Պոպասնայա քաղաքը։ Ի՞նչ է դա փոխում ճակատում․ BBC Russian

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը երեկ հայտարարել է, որ «ԼԺՀ ժողովրդական միլիցիայի ստորաբաժանումները ՌԴ Զինված ուժերի աջակցությամբ ճեղքել են» ուկրաինական զորքերի պաշտպանությունն ու «դուրս եկել Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության վարչական սահման»։

Ուկրաինական կողմը մայիսի 8-ի առավոտյան հայտարարել էր, որ ուկրաինացի զինվորականները լքել են Պոպասնայան։ «Նահանջել են դեպի նախապես պատրաստված դիրքեր», - հայտարարել էր Լուգանսկի շրջանային պետական վարչակազմի ղեկավար Սերգեյ Գայդայը։ BBC-ի ռուսական ծառայությունը գրում է այն մասին, թե ինչով է վտանգավոր այդ քաղաքի կորուստն ուկրաինական բանակի համար, և ինչ վտանգներ է դա պարունակում ռուսական զորքերի համար։ Հոդվածը ներկայացնում ենք կրճատումներով։

 

«Մարտեր՝ Պոպասնայայի համար

Պոպասնայան համեմատաբար ոչ մեծ քաղաք է Լուգանսկի շրջանի արևմուտքում, պատերազմից առաջ այնտեղ բնակվում էր շուրջ 20 հազար մարդ։ 2014 թ-ին Դոնբասում տեղի ունեցած զինված հակամարտության ժամանակ քաղաքը ձեռքից ձեռք էր անցնում, սակայն արդյունքում՝ մնաց Կիևի վերահսկողության տակ։

Մինսկի համաձայնագրերի ստորագրումից հետո Պոպասնայան հայտնվեց ճակատային գծում, ժամանակ առ ժամանակ այն ենթարկվում էր գնդակոծության։ Ուկրաինական ուժերը Պոպասնայայում և դրա մերձակայքում լավ ամրացված շրջան են սարքել։ Քաղաքը գրոհի ենթարկվեց մարտի սկզբին, և միայն ապրիլի կեսերին հարձակվող զորքերին հաջողվեց հասնել դրա կենտրոն։ Սակայն մարտերը չէին դադարում։

Ռուսական բանակը Պոպասնայայից մինչև Իզյում և դեպի հյուսիս հսկայական ուժեր է կենտրոնացրել, ասված է ամերիկյան RAND հետազոտական կենտրոնի վերջին հայտարարությունում։

Չնայած շաբաթներ տևած հրետակոծությանն ու հրթիռակոծությանը՝ ռուսական զորքերին չի հաջողվում ճեղքել ուկրաինական պաշտպանությունը Դոնբասում։ Միայն երբ ուկրաինական զինվորականներն այլևս պաշտպանելու բան չունեն, նրանք մարտավարական նահանջ են կատարում՝ շրջափակման մեջ չընկնելու համար, նշում են ամերիկացի ռազմական վերլուծաբանները։

Հենց այսպիսի բան տեղի ունեցավ Կրեմեննայա քաղաքում ապրիլին։

«Կրեմեննայայում մենք հասկացանք, որ, եթե պարզապես հողին կպած մնանք, տղաները կզոհվեն, իսկ թշնամուն դրանից վնաս չի լինի, այդ պատճառով էլ վերախմբավորվեցինք և հեռացանք», - ասել էր Լուգանսկի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Գայդայը։

 

Ինչո՞վ է վտանգավոր Պոպասնայայի կորուստն ուկրաինական բանակի համար

Սակայն Պոպասնայայի պարագայում՝ այդ բնակավայրի կորուստը կարող է լրջորեն բարդացնել այդ ուղղությամբ ուկրաինական զորքերի դրությունը։

Քաղաքը բարձունքի վրա է՝ ծովի մակարդակից շուրջ 260 մ բարձրության վրա։ Նրա դիրքն ավելի բարձր է, քան մյուս հարակից քաղաքներինը՝ դեպի հյուսիս տեղակայված Լիսիչանսկինը ու Սևերոդոնեցկինը, հարավում գտնվող Սվետլոդարսկինը ու արևմուտքում տեղակայված Բախմուտինը։ Կենտրոնացված գնդակոծությունն ու հակառակորդին աստիճանաբար դուրս մղելն այն մարտավարությունն է, որը կիրառում է ռուսական բանակն այսպես կոչված հատուկ ռազմական գործողության երկրորդ փուլում։ Առաջին փուլում այն շեշտը դնում էր տանկային շարասյուներով արագ ճեղքման վրա, սակայն այս մարտավարությունը մեծ մասամբ անհաջող էր։

Սևերոդոնեցկն ու Լիսիչանսկը Լուգանսկի շրջանի վերջին խոշոր քաղաքներն են, որոնք դեռ Ուկրաինայի վերահսկողության տակ են։ Ակնկալվում է, որ ռուսական զորքերն ուժեղացնելու են ճնշումն այս ուղղությամբ։ Ինչպես նշում է Լուգանսկի վարչակազմի ղեկավար Սերգեյ Գայդայը, Սևերոդոնեցկի հարակից գյուղերում լարված իրավիճակ է, բնակավայրերի համար մշտական մարտեր են ընթանում։

Պոպասնայայի գրավումը ռուսական զորքերին հնարավորություն է տալիս այնտեղ պլացդարմ սարքել, վերախմբավորել ուժերն ու նոր հարվածի համար ուղղություն որոշել։ Օրինակ՝ Իզյումի խմբավորման հետ միասին գրոհել Կրամատորսկն ու Սլավյանսկը՝ Սևերոդոնեցկի ուղղությամբ ուկրաինական ուժերը շրջափակման մեջ գցելու նպատակով։

Հաջողություն գրանցելու գործոնը նույնպես կարևոր է․ «մինչև հաղթական ավարտը պատերազմելու» ռուսաստանցի կողմնակիցները դրական նորությունների կարիք ունեն, իսկ ՌԴ ՊՆ և քարոզչության հաղորդագրությունները ոչ այնքան հայտնի ուկրաինական գյուղեր գրավելու մասին, նրանց մոտ մոտալուտ հաղթանակի զգացում չէին առաջացնում։

Սակայն այստեղ ստորջրյա խութեր էլ կան։

 

Ինչո՞վ է վտանգավոր Պոպասնայայի հետ կապված իրավիճակը ռուսական բանակի համար

Ռազմական մասնագետները չեն սիրում այնպիսի ելուստներ, ինչպիսին առաջացել է Պոպասնայայի դեպքում։ Սեպաձև առաջխաղացումը դեպի թշնամու տարածքի խորքը մեծապես երկարացնում է մատակարարման գիծը, պարզ ասած, դժվարացնում է զինամթերքի, տեխնիկայի, պարենի մատակարարումը, նոր ստորաբաժանումների ներմուծումն ու վիրավորների դուրսբերումը։ Եվ, որ ամենավատն է, հարձակողական զորքերը խոցելի է դարձնում թևերից։

Հակառակորդի մոտ գայթակղություն և հնարավորություն է առաջանում «կաթսա» (շրջափակում – խմբ․) սարքելու՝ պատասխան հարվածներ հասցնելով հյուսիսից և հարավից, և որքան երկար է ելուստն, այնքան ավելի բարդ է հակագրոհի ուղղությունը որոշելը։ Իսկ ուկրաինական բանակը զգալի պահեստազոր ունի, որը դեռևս մարտի մեջ էլ չի մտցվել։

Ուկրաինական հակագրոհի և հետագա շրջափակման վտանգը ռուսական հրամանատարությանը ստիպում է Պոպասնայայի մոտ խոշոր խմբավորումներ պահել թևերում այն դեպքում, երբ ճակատի մյուս հատվածներում զորքերի պակաս է զգացվում։ Շարունակվում է ուկրաինական բանակի գրոհը Խարկովից դեպի ռուսական սահման․ այն կասեցնելու համար ռուսական բանակը ստիպված է պայթեցնել կամուրջները։

Եվս մեկ դժվարություն է այն, որ բավական չէ միայն զբաղեցնել տարածքը, այն պետք է նաև պահել։ Պոպասնայայի գրավումից հետո ռուսական հարձակողական զորքերը հայտնվում են պաշտպանվողի կարգավիճակում, իսկ ուկրաինական բանակը, շնորհիվ ՆԱՏՕ-ի մատակարարումների, օրեցօր համալրվում է ծանր հեռահար հրետանիով։

Պոպասնայայի հանձնումը բացատրելիս ուկրաինական կողմը հայտարարում էր, որ քաղաքն ամբողջությամբ ավերված է, և այնտեղ պաշտպանելու ոչինչ չկա»։

 

Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել