Ցանկանում ենք ապացուցել, որ Նոյեմբերյանում հնարավոր է ստեղծել տեխնոլոգիական ընկերություն․ «Protolab»-ը շարունակում է գործունեությունը
19:49 - 12 մայիսի, 2022

Ցանկանում ենք ապացուցել, որ Նոյեմբերյանում հնարավոր է ստեղծել տեխնոլոգիական ընկերություն․ «Protolab»-ը շարունակում է գործունեությունը

Անցած տարի Նոյեմբերյանի «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի սաներ Արգամի Ամիրաղյանի, Հայկ Բուդաղյանի, Հայկ Հախվերդյանի և Հրանտ Ղազինյանի սկսած «Protolab» ստարտափը շարունակում է գործունեությունը,  նոր գաղափարներ է մշակում, պատվերներ հավաքում, համագործակցում հայկական ՏՏ ընկերությունների, այլ ստարտափների հետ։ 

2021-ի օգոստոսին Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում հիմնված  «Protolab» -ը տեխնոինժեներական լաբորատորիա-ստարտափ է, որը իր գործունեությունը ծավալում է եռաչափ մոդելավորման, տպագրության և ինժեներական նախագծման ոլորտներում։ 

«Protolab»-ի համահիմնադիր Արգամը պատմում է, որ հիմա ստեղծում են ինժեներական տարբեր խնդիրներ լուծող իրեր․ «Մատուցում ենք եռաչափ մոդելավորման, տպագրության ծառայություններ․ կատարում ենք թե՛ կորպորատիվ պատվերներ, թե՛ անհատների պատվերներ, արդեն բազում համագործակցություններ ենք ունեցել։ Անհատների համար ստեղծում ենք ամենատարբեր իրեր՝  սկսած իրենց ինժեներական խնդիրները լուծող իրերից, վերջացրած գրասենյակային գեղեցիկ իրերով, որոնք ստեղծվում են յուրահատուկ ու սպեցիֆիկ դիզայնով» ։ 

Նա ասում է, որ պատվերների մեծ մասը լինում են Երևանից․ այս պահին էլ կորպորատիվ պատվերի վրա են աշխատում, որ ԱՄՆ է արտահանվելու․ «Հիմնական թիրախային շուկան այս պահին հայկական ընկերություններն են, որոնց փորձում ենք օգնել իրենց գրասենյակները գեղեցկացնելու հարցում։ Փորձում ենք նաև ամերիկյան շուկա մուտք գործել, և այդ հարցում մեզ օգնում է մեր ավագ ընկերներից մեկը, որն ունի մեծ փորձ էլեկտրոնային կոմերցիայի ոլորտում։ Ինքը փորձելու է մեզ օգնել վաճառքներ իրականացնել ամերիկյան շուկաներում»։ 

Արգամն ասում է՝ ժամանակի ընթացքում փորձում են ընդլայնել թիրախները ՝ նշելով, որ միջազգային շուկայում իրենց համար ավելի մեծ հնարավորություններ կան։


«Protolab»-ի աշխատանքներից

Նրա խոսքով հիմա՝ վաճառքներին զուգահեռ նաև  ստարտափ գաղափարն են շարունակում զարգացնել․ «Հիմա աշխատում ենք խելացի STEM KIT խաղալիքի պրոտոտիպի վրա, որի շրջանակներում երեխաների համար այնպիսի խաղալիք ենք ցանկանում ստեղծել, որի միջոցով իրենց մեջ կսերմանանենք ստեղծարարություն, ու սպառողական սերնդից կդառնան ավելի շատ ստեղծող սերունդ» ։ 

Խոսելով մեկ տարվա ընթացքում իրենց հանդիպած դժվարությունների մասին՝ Արգամն ասում է, որ հիմնական խնդիրները կապված են եղել փորձի և  վստահության պակասի հետ․ «Ամեն դեպքում դժվար է վստահել 16 տարեկան երեխաներին, ու հիմնական խնդիրները կապված են եղել այդ երկու հանգամանքի հետ։ Մենք փորձի պակասն անընդհատ լրացնում ենք ինքնակրթությամբ, չենք վախենում փոփոխությունների գնալուց և նոր պատվերներ, նոր ոլորտներ փորձելուց՝ չշեղվելով մեր հիմնական նպատակից» ։ 


«Protolab»-ի աշխատանքներից

Նա նաև ասում է, որ իրենց համար ոգևորիչ է հայկական ՏՏ ընկերությունների հետ համագործակցությունը։ Արգամի խոսքով՝ իրենք նպատակ ունեն դառնալ հայկական հերթական միաեղջյուրը․ «Վերջերս Sastic ընկերության հետ կայացվեց փուլային ներդրումային ծրագիր, որի միջոցով Sastic-ի  հետ կառուցելու ենք մեր երազած ընկերությունը, որը արդեն կկարողանա լուծել Հայաստանի տարբեր խնդիրներ։ Որպես հայ մեզ համար շատ կարևոր է համայնքային հավասարաչափ զարգացումը, քանի որ Հայաստանում ամեն ինչ կենտրոնացած է Երևանում։ Ցանկանում ենք, որ Հայաստանը համաչափ զարգանա ու ապացուցենք, որ Նոյեմբերյանում հնարավոր է ստեղծել տեխնոլոգիական ընկերություն ու պարտադիր չի գնալ հասնել Երևան, կրթություն ստանալու ու գործ գտնելու: 21-րդ դարում համարձակության շնորհիվ դա հնարավոր է անել հենց համայնքում, հենց տանը նստած։ Մենք ցանկանում ենք մեծացնել մեր ընկերությունը, լաբորատոորիայից վերածվել լուրջ հայկական բրենդի, ու մեր առջև հստակ նպատակ կա դառնալ հայկական հերթական միաեղջյուրը, որովհետև վստահ եմ՝ արդեն շատ հայկական միաեղջյուրներ կլինեն, ու մենք ուզում ենք դառնալ դրանցից մեկը»։

Չնայած բազում խնդիրներին՝ «Protolab»-ը իր գործունեությունը  շարունակելու է Նոյեմբերյանում և ապագայում Հայաստանի այլ մարզերում մասնաճյուղեր հիմնելու նպատակ ունի․ «Մենք մեր թիմով ցանկանում ենք մնալ Նոյեմբերյանում, քանի որ այստեղ կյանքը ավելի հաճելի է ու մեր սրտին ավելի մոտ է Նոյեմբերյանում ապրելը  ու մենք ցանկանում ենք առաջին հերթին զարգացնել Նոյեմբերյանը»։ 


«Protolab»-ի աշխատանքներից

Նոյեմբերյանում գործունեություն ծավալելու խնդիրներից մեկը, Արգամի խոսքով, այն է, որ միջոցառումների մեծամասնությունը տեղի են ունենում Երևանում ու դրանց հասնելը շատ դժվար է լինում․  «Միջոցառումները շատ լավ networking-ի աղբյուր են մեր կապերի հաստատման ու մեր գործունեությունը շարունակելու առումով։ Նոյեմբերյանում որոշ չափով կա աշխատուժի պակաս, բայց խնդիրները հեշտ լուծելու տարբերակներ կան, թեկուզ և «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների շնորհիվ։ Հայկական շատ ընկերությունների, անհատների համար կա այն գաղափարը, որ Երևանում պետք է լինի ամեն ինչ,  Երևանը Հայաստանի կենտրոնն է, դրա պատճառով մեզ համար դժվար է Նոյեմբերյանից հասնել Երևան ու նույն օրը հետ գալ ու դրան գումարվում է այն, որ աշակերտներ ենք ու դասերից բացակայելը խնդիր է, դրա պատճառով աշխատանքը դանդաղում է ու այդ խնդիրները զուգորդվում են, բայց խնդիրները լուծելի են, քանի որ նպատակը ազնիվ ու վեհ է»։ 

Ստարտափի համահիմնադիր Հայկ Բուդաղյանն էլ պատմում է, որ իրենց հասակակիցները ոգեշնչվում են իրենց գաղափարներով և փորձում են օգնել իրենց․  «Իրականում ընկերներն էլ միշտ մեզ հետ են, ամեն օր տեսնվում ենք, ամեն օր հետաքրքվում են մեր գործով։ Շրջապատում բոլորը ամեն կերպ փորձում են օգնել, հեռվից մոտիկից ամեն կերպ փորձում են մեզ աջակցել, որ մեր գործը ավելի լավ ստացվի»։ 

Տղաների համար օրինակ են բոլոր հայ զինվորականներն ու գիտնականները, որոնք ծառայել են Հայաստանին։



Նանե Ավետիսյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել