Վլադիմիր Պուտինին մնացել է միայն հաղթանակի կործանարար պաշտամունքը․ «Նովայա գազետա»-ի հոդվածը՝ The Guardian-ում
23:41 - 10 մայիսի, 2022

Վլադիմիր Պուտինին մնացել է միայն հաղթանակի կործանարար պաշտամունքը․ «Նովայա գազետա»-ի հոդվածը՝ The Guardian-ում

Երկրորդ աշխարհամարտում տարած Հաղթանակի օրը, The Guardian-ը հրապարակել է ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո Ռուսաստանում գրաքննության պատճառով արգելափակված «Նովայա գազետա» թերթի հոդվածը, որը ներկայացնում ենք աննշան կրճատումներով․

«Վլադիմիր Պուտինը ծնվել է Երկրորդ աշխարհամարտի ավարտից յոթ տարի անց և մեծացել մեծ հաղթանակի մասին բրեժնևյան առասպելով։ Չունենալով լավ կրթություն՝ նա սիրում էր մեջբերումներ անել խորհրդային ֆիլմերից և հին պատմվածքներից։ Պատմության դասագրքերում «Հայրենական Մեծ պատերազմը» պատկերվում էր՝ որպես կախարդական առասպել, որի հերոսը՝ ռուս ժողովուրդը, ի հեճուկս ողջ աշխարհի, հաղթում է հրեշին։

Այս հեքիաթում տեղ չէին գտել պատերազմի բազմաթիվ իրական փաստեր, օրինակ՝ Մոլոտով-Ռիբենտրոպ պակտը, Ֆինլանդիայի հետ պատերազմը, Բալթյան երկրների օկուպացիան։ Առասպելն անտեսում է միլիոնավոր լեհերի արտաքսումը։ Չի հիշատակում 1942-43 թ-ի ձմռանը տեղի ունեցած Ռժևի ճակատամարտը, որում խորհրդային բանակը սարսափելի կորուստներ կրեց՝ նախընտրելով կանգ առնել Մոսկվայի և Ստալինգրադի մարտերում կրած լեգենդար հաղթանակների վրա։ Առասպելը, որ տոնվեց Ռուսաստանում Հաղթանակի օրը, դարձել է այն հիմնական նարատիվը, որը Ռուսաստանը հավերժ կառավարելու Պուտինի պլանի հիմքում է։

Եկել է այն պահը, երբ Պուտինը որոշել է շարունակել պաշտոնավարել անորոշ ժամկետով։ Ընտրությունները կգան ու կգնան, իսկ նա կստի, թե դրանք իր համար վերջինն էին, որ նա մտադիր չէ փոխելու Ռուսաստանի 1993 թ-ի սահմանադրությունը, որը նախատեսում է պաշտոնավարման՝ միմյանց հաջորդող միայն երկու ժամկետ։ Ընդմիշտ կառավարելու նրա առաջին ռազմավարությունը քաղաքացիներին թույլ տալն էր, որ հարուստ լինեն, քանի որ երկիրն ավելի, քան երբևէ հարստացել էր 2000-ականների երկրորդ կեսին։

Բայց երբ աճը կանգնեց, երբ հարստության մեծ մասը հայտնվեց մի քանի հոգու ձեռքերում, Պուտինը ստիպված եղավ անցնել քարոզչությանը։ Նա սկսեց վկայակոչել «ավանդական արժեքները»՝ սաստկացնելու Ռուսաստանի համար իր առաջնահերթ կարևորության մասին պատկերացումը, այն, որ ինքն անփոխարինելի առաջնորդ է, որը ռուսների միակ պաշտպանությունն է Արևմուտքի ազդեցությունից և եվրոպացի ժողովուրդների ծովում տարրալուծվելուց։

Եվ Պուտինն ինքը սկսեց հավատալ իր քարոզչությանը, նրան, թե ինքը Մեծ Ռուսաստան կառուցելու հատուկ պատմական առաքելություն ունի։ Բայդ դա այնքան էլ նոր ԽՍՀՄ չէ, քանի որ ոչ ոք չի պատրաստվում կոմունիզմը վերականգնել, որևէ նոր գաղափարախոսություն առաջ քաշել կամ էլ վերագաղութացնել Միջին Ասիան՝ ռուսական տնտեսությանը լավ ու էժան աշխատուժով ապահովելու համար ։ Մեծ Ռուսաստանը պետք է աշխարհի երրորդ գերտերությունը լիներ (ԱՄՆ և Չինաստանին զուգահեռ)։

Եվ եթե նրա մրցակից ԱՄՆ-ն՝ որպես իր ազդեցության գոտի ուներ Եվրամիությունն, ապա Մեծ Ռուսաստանը նույնպես պիտի ունենար դա։ Պուտինի «ավանդական արժեքներն», ըստ էության, հանգում էին հոմոֆոբիային և ռազմական հաղթանակի պաշտամունքին։ Շուտով պարզ դարձավ, որ առաջինը հուսալի ռազմավարություն չէ ուժեղ առաջնորդի հավերժ կառավարման համար։ Մնում էր միայն հաղթանակի պաշտամունքը։

Պատկերը քիչ-քիչ ուրվագծվում էր։ Ռուսական միլիտարիզմի օպերետը ծնվել է հեռուստատեսային քարոզչությունից, երբ բազմաթիվ «փորձագետներ» սկսեցին խոսել այն մասին, թե մենք ամենաուժեղն էինք աշխարհում, ոչ ոք չէր կարող մեզ իշխել, մեր հրթիռները կարող էին մի քանի անգամ պտտվել աշխարհի շուրջը և ոչնչացնել ցանկացածին։ Դա ծիծաղաշարժ էր, բայց Պուտինի ելույթներն ավելի ու ավելի էին սկսվում նմանվել հանգուցյալ նեոֆաշիստ Վլադիմիր Ժիրինովսկու ասածներին։

Նա ավելի ու ավելի քիչ էր խոսում այնպիսի ձանձրալի բաների մասին, ինչպիսին է տնտեսական զարգացումը, բայց մեծապես աշխուժանում էր, երբ խոսում էր նոր, «նմանը չունեցող» զինատեսակների մասին։

«Մենք կարող ենք դա կրկին անել» արտահայտությունը դարձավ պուտինյան Ռուսաստանի գլխավոր կարգախոսը, որն ակնհայտորեն հղում էր այն փաստին, որ ռուսները տապալել են նացիզմը Երկրորդ աշխարհամարտի ժամանակ և գիտեն, որ կարող են կրկին անել դա։

Պուտինը հաղթել է նախագահական չորս ընտրություններում, սակայն 2024 թ-ին նշմարվում է հինգերորդը։ Կորոնավիրուսը ծանր հարված է հասցրել Ռուսաստանին, և նրա տնտեսությունն անկում է ապրել, այնպես որ, Պուտինը շատ տարբերակներ չունի։ Նրա կարծիքով՝ իշխանությունը պահպանելու լավագույն տարբերակը մեծ հաղթանակը կրկնելն է։ Մայիսի 9-ի խորհրդանշական շքերթը բավարար չէր լինելու, նրանք պետք է պատկերն ամբողջացնեին արյամբ։

Այդ պատճառով էլ փորձեցին «դա կրկին անել»՝ կազմակերպելով Եվրոպայի խոշորագույն ողբերգությունը 1945-ից ի վեր։ Այս պատերազմն առաջինն է աշխարհում, որը հնարել է հենց հեռուստատեսությունը։ […] Պետք չէ զարմանալ, որ Ռուսաստանում շատերն են հավատացել սրան և անհաղորդ են այն ռազմական հանցագործություններին, որոնք կատարվում են Ուկրաինայում։

Բանը միայն այն չէ, որ նրանք չեն տեսնում ամբողջական պատկերը՝ լրագրության և սոցցանցերի ոչնչացման պատճառով։ Բանն այն է, որ եթե դադարեք հավատալ քարոզչությանը, էլ չեք կարող հավատալ ավանդական արժեքներ ունեցող Ռուսաստանին, հաղթանակի օրվա հերոս ժողովրդին։ Կմնա միայն խելագար մի մարդ, որը դեգերում է ռազմականացված ավազակապետության փլատակների մեջ՝ միջուկային զենքի ճամպրուկը ձեռքը։ Ո՞վ կցանկանա հավատալ սրան։

Ո՞վ ենք մենք, և ինչպե՞ս ենք թույլ տվել, որ այսպիսի բան լինի։ Այս հարցին պատասխանելը սարսափ է առաջացնում։ Ռուսները մինչև վերջ կառչած են մնալու իրենց միֆերից։ Իսկ մինչ այդ, նրանք ունեն իրենց ռազմական շքերթը, հաղթանակի օրվա ուշագնացությունը, ափիոնը՝ ժողովրդի համար»։

 

Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել